30/10/2014 15:47
Կարտոֆիլի արտադրությունն ու արտահանումը աճել է. Գյուղացին գոհ է նաև գներից
Այս տարի Հայաստանում աճել է ոչ միայն գյուղատնտեսական ապրանքների արտադրության ընդհանուր ծավալները, այլև՝ նախորդ տարիների համեմատ գյուղմթերքների գները: Գյուղատնտեսության նախարարության հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ այս տարի կարտոֆիլի մթերված համախառն արտադրանքը մինչև այս պահը արդեն իսկ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը՝ կազմելով 665000 տոննա: Նախորդ տարի կարտոֆիլի համախառն բերքը կազմել էր 660 000 տոննա:
Կարտոֆիլի բերքահավաքը արդեն մոտենում է ավարտին և այս ցուցանիշը էլ ավելի կբարելավվի վերջնական տվյալները ճշտվելուց հետո: Հետաքրքրականն այն է, որ ավելացել է ոչ միայն բերքատվությունը, այլև մոտ 1000 հեկտարով ավելացել է կարտոֆիլի ցանքատարածությունները՝ դառնալով 31 500 հեկտար: Սա խոսում է այն մասին, որ Հանրապետությունում միաժամանակ բարձրացել և կարտոֆիլի բերքատվությունը և ցանքատարածությունները:
Բերքատվության աճի հետ կապված պետք է նշել, որ դրան նպաստել են ոչ միայն այս տարվա բարենպաստ եղանակային պայմանները, այլև բարձրորակ սերմերի ներմուծումը, որը հետևողականորեն կազմակերպվում է վերջին մի քանի տարիներին: Կարտոֆիլի արտադրության աճին զուգընթաց այս տարի շեշտակի ավելացել է նաև արտահանումը: Մինչ այժմ արդեն արտահանվել է 20000 տոննա կարտոֆիլ: Նախորդ տարվա համեմատ կրկնակի անգամ մեծ է:
Դժվար չէ կռահել, որ արտահանման մեծ մասը ուղղվել է ռուսական շուկա, քանի որ այնտեղ ավելցուկային պահանջարկ կա` ԵՄ-ից ներկրվող գյուղմթերքի վրա մեկ տարի էմբարգո հայտարարելու պատճառով: Օգոստոս ամսին Էմբարգոյի հայտարարումից հետո Ռուսաստանը Հայաստանին էր դիմել կարտոֆիլի ներմուծումը ավելացնելու նպատակով:
Կարտոֆիլի շուկայում տեղի ունեցող հատկանշական փոփոխություններից է նաև կարտոֆիլի գների բարձրացումը, որը ակտիվորեն քննարկվում է մամուլում և մասնագիտական այլ շրջանակներում: Գները նախորդ տարվա համեմատ բարձրացել են մոտ 70 %-ով: Գների բարձրացման հետ կապված տարբեր գործոններ են վկայակոչվում:
Գյուղնախարարությունը այն կապում է բնակչության կողմից կարտոֆիլի սպառման ծավալների աճի հետ: Նշենք, որ գների հետագա աճի վերաբերյալ սպասումները ևս գործոն է, որը ստիպում է բնակիչներին այսօրվա գներով մթերել ձմռան պաշարը՝ ինչը ավելացնում շուկայում պահանջարկը:
Մասնագետների մի մասը ներքին գների բարձրացումը կապում են արտահանման ծավալների աճի հետ: Բերվող բոլոր փաստարկներն էլ հիմքեր ունեն, սակայն պետք է ընդունել, որ գների բարձր մակարդակը հնարավորություն կտա գյուղացիներին հաջորդ տարի ավելի մեծ ներդրումներ կատարել և ավելացնել ցանքատարածությունները, նամանավանդ այն պարագայում, որ ԵՏՄ-ի շրջանակներում Ռուսաստանի շուկան մինչև էմբարգոյի վերացումը կշարունակի մնալ որպես կարտոֆիլի սպառման ահռելի շուկա: