30/10/2014 12:33
Մամեդյարով. Հայկական զորքերի հեռանալով՝ դիպուկահարների կարիք չի զգացվի
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ նախագահների մակարդակով ցանկացած հանդիպում ընդհանուր առմամբ դրական է, քանի որ այդպիսի հադիպումները թույլ են տալիս պարզելու հակառակ կողմի տրամադրությունները՝ հակամարտության կարգավորման նպատակով:
APA գործակալության փոխանցմամբ, Մամեդյարովը նշել է, որ փարիզյան հանդիպման ընթացքում բանակցությունները տեղի են ունեցել մի քանի փուլով և քննարկվել են հարցեր, որոնց շուրջ դեռևս հնարավոր չէ հասնել առաջընթացի:
Նրա խոսքով՝ հանդիպմանը նախագահ Իլհամ Ալիևը կրկին բարձրաձայնել է Ադրբեջանի հստակ դիրքորոշումը առ այն, որ խաղաղ կարգավարման համար անհրաժեշտ է առաջին հերթին դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի «օկուպացված տարածքներից»:
Մամեդյավորը նշել է, որ հենց որ Ադրբեջանի պահանջները, որոնք աջակցություն են գտել նաև Մինսկի խմբի համանախագահողների կողմից և ֆիքսված են ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերում կյանքի կոչվեն, տարածաշրջանում անվտանգության հաստատման լայն հնարավորություններ կբացվեն, քանի որ «իրենց հողերից» հայկական զորքերի դուրս բերումից հետո դիպուկահարների կարիք այլևս չի զգացվի:
Նա նշել է, որ Փարիզի հանդիպման կարևոր ձեռքբերումներից է համարում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Հայաստանին և Ադրբեջանին ուղղված կոչը՝ խաղաղության մեծ պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքները սկսելու անհրաժեշտության մասին:
Մամեդյարովը հավելել է, որ Ադրբեջանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ պատրաստ է սկսել այդ աշխատանքները: