30/10/2014 16:39
ֆինանսների փոխնախարար. ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 34,387 մլն եվրո
2015 թ. ԵՄ-ն ՀՀ-ին կտրամադրի 34,387 մլն եվրո: Այս մասին այսօր 2015 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, ներկայացնելով եվրոպական ինտեգրացիոն ոլորտի հատկացումները: Նա նաև նշեց, որ տրամադրվելիք նպատակային դրամաշնորհներն ուղղվելու են ՀՀ Բագրատաշեն, Գոգավան, Բավրա անցակետերի արդիականացմանը, որը կազմում է 6 մլն 120 հազար եվրո, իսկ մնացած 2,8 մլն-ն ուղղվելու է ՀՀ փոքր համայնքների ջրագծերի բարելավմանը:
ՀՀ Կառավարությունը 20 մլն եվրոն կստանա որպես բյուջետային աջակցություն և կբաշխվի երեք խմբի՝ մասնագիտական կրթություն և ուսուցում, ազգային գործողությունների ծրագիր՝ ապագա ասոցացման համար, աջակցություն դատական բարեփոխումների երկրորդ փուլին՝ համապատասխանաբար 8 մլն, 7 մլն եւ 5 մլն եվրո: Պավել Սաֆարյանի խոսքով՝ սա Հայաստանի՝ ԵՄ ասոցացման գործընթացի շրջանակներում տրված գումարներ են:
«Սրանք բարեփոխումներ են ոչ թե պարտադրված, այլ Հայաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակներում»,- հավելեց նա:
ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը էլ իր հերթին նկատեց, որ լավ է, երբ ասոցացման պայամանագրի պայմանների կատարումը շարունակում ենք. «Սակայն շատ գումարներ, բոլորս էլ գիտենք, զարտուղի ճանապարհներով հայտնվում են շատ այլ տեղերում: Ես չէի ուզենա դա անվանել գանձագողություն: Օրինակ՝ ինչպես վերահսկել ինչ-որ մի նախարարի, որն իր հորողբոր տղու անունով ինչ-որ տուն է կառուցում»,- ասաց նա:
Պավել Սաֆարյանը խոստովանեց, որ այդ հարցը մտահոգում է ինչպես ԱԺ-ին, այնպես էլ կառավարությանն ու հանրությանը. «Ես հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը, քանի որ նպատակն այլ ենք դնում, իսկ արդյունքը ստանում՝ լրիվ այլ բան»: