30/10/2014 16:47
ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացը շարունակվում է
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր` 2015 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց ԵՄ երկրների հետ մուտքի արտոնագրերի դյուրացման խնդրից:
Բացի այս` պատգամավորը մտահոգություններ հայտնեց Ասոցացման համաձայնագրի համար ծախսված գումարների վերաբերյալ: «Հայաստանը Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բավականին մեծ գումարներ է ծախսել: Կցանկանայի իմանալ, թե որքա՞ն գումար է ծախսվել»,- հավելեց նա:
«Մենք անդամագրվել ենք նոր միության: Եթե մաքսային ծառայությունների մարդիկ գան ու հայտարարեն, որ իրենք են որոշումներ կայացնելու, ստացվում է, որ եվրոպացիներին ասելու ենք՝ կներեք, չենք կարող հիմա ծրագիր իրականացնել, բայց բյուջեով բավականին մեծ գումարներ են հատկացվել դրա համար: Ուզում եմ հասկանալ, որ եթե նոր մեխանիզմներ առաջարկվեն, ի՞նչ է կատարվելու այդ ծրագրի հետ: Բացի այս` ԵՏՄ անդամակցության դեպքում ի՞նչ մեթոդաբանություն է կիրառվելու մաքսային արժեքների հետ կապված»,- հետաքրքրվեց պատգամավորը, որին ի պատասխան Շավարշ Քոչարյանն արձագանքեց.
«Սկսեմ վերջից. Չնայած դա իմ ոլորտը չէ, բայց պատասխանեմ. Մաքսային արժեքի մասին՝ որպես այդպիսին, որոշում չի լինելու: Ամեն մի ապրանքատեսակի համար կա որոշակի մաքսատուրք: Այդ միությունը կլինի հունվարից, բայց հստակ ցանկ գոյություն ունի: Կան տարբերություններ այդ տուրքերի ու Հայաստանի տուրքերի միջև: Հայաստանը ԵՏՄ անդամակցությունից կորզել է բացառություններ, որով և պայմանավորված է Հայաստանին տրված արտոնությունները: Մենք պահպանում ենք այն ռեժիմը, որն ունեցել ենք: Այսինքն` որն ավելի լիբերալ ու ռեալ է»,- մանրամասնեց Շ. Քոչարյանը՝ հավելելով, որ ԵՏՄ անդամակցությունից հետո էլ գործելու են այն թվերը, որոնք այսօր գործում են:
Փոխնախարարը հավաստիացրեց, որ ԵՏՄ անդամակցության դեպքում, եթե անգամ լինեն ինչ-ինչ փոփոխություններ, դրանք լինելու են Հայաստանի համաձայնությամբ:
«Հայաստանի համար ԵՏՄ անդամակցության ճանապարհային քարտեզը դյուրին էր այն պատճառով, որ մենք համագործակցել ենք ԵՄ-ի հետ: Այն փոփոխությունները, որոնք ունենք այսօր մեր տնտեսության մեջ, տեղի են ունեցել ԵՄ հետ համագործակցության արդյունքում: Այդ տեսանկյունից մենք քայլ առաջ ենք շատ պետություններից: Եվ, եթե մենք խոսում ենք մաքսային արժեքների մասին, ապա մեզ մոտ այդ արտոնություններն ավելի լիբերալ ու արտոնյալ են: Ստացվում է, որ մենք ավելի մոտ ենք ԵՏՄ-ում կիրառվող չափանիշներին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ԵՄ երկրների մուտքի արտոնագրի դյուրացման հարցին, Շ. Քոչարյանը պատասխանեց, որ դրա հիմքում ընկած է միայն տրամաբանությունը: Փոխնախարարի հավաստմամբ` Հայաստանն այսօր ուզում է ԵՄ-ի հետ ունենալ ընդհանուր մի փաստաթուղթ, որը ներառում է ամեն ինչ: «Վիզաների դյուրացման համար միակողմանի մենք այդ քայլը կատարել ենք, իսկ պատասխան քայլին սպասում ենք: Աշխատանքներ այս ուղղությամբ ևս շարունակվում են: Պետք է դրա համար լինի հատուկ ծրագիր, որից հետո կարող ենք ակնկալել լիարժեք ազատականացում»,- հավելեց ԱԳ փոխնախարարը: