30/10/2014 20:35
«Առաջընթացն անհնարին է, եթե կողմերից մեկն ասում է՝ ամեն ինչ կամ ոչինչ»
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով օրերս Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, տեսակետ հայտնեց, թե քանի դեռ Ադրբեջանի դիրքորոշումն այնպիսին է, ինչպիսին կա, առաջընթացի մասին խոսելն ավելորդ է: Սա է իրավիճակը: Դրա համար պետք չէ առանձնապես տեղեկացված լինել, որ հասկանաս՝ առաջընթացն անհնարին է, եթե կողմերից մեկն ասում է՝ ամեն ինչ կամ ոչինչ: Առաջընթացի համար պետք են փոփոխություններ` համապատասխան մթնոլորտ, վստահություն և զիջումներ»,- նշեց Քոչարյանը` հավելելով, որ հենց դրա համար էլ գործում առաջընթաց չի նկատվում:
Քոչարյանի խոսքով` Ադրբեջանն անընդհատ հայատյացություն է քարոզում, և այդ դեպքում փոփոխությունների մասին խոսելն ավելորդ է: «Ի՞նչ վստահության մասին կարող է խոսքը լինել, երբ Ադրբեջանը բացահայտ հայտարարում է, որ հայերը համար մեկ թշնամի են, երբ դիվերսիաներ են կազմաերպվում թե՛ Ղարաբաղում, թե՛ ՀՀ սահմաններում, երբ դիպուկահարներին հետ չեն քաշում: Այդ բոլոր քայլերն ուղղված են ոչ թե վստահության մթնոլորտի ձևավորմանը, այլև ճիշտ հակառակը` պատերազմի»,- ասց նա:
Անդրադառնալով Արցախի մասնակցությանը բանակցային գործընթացին` փոխարտգործնախարարը նախ չափազանց կարևորեց այն, բայց նրա խոսքով` Ադրբեջանը դրան որևէ կերպ չի համաձայնում: «Մենք միշտ այդ մասին բարձրաձայնել ենք: Ամեն դեպքում, բանակցային սեղանին դրված հարցերի մեծամասնությունը վերաբերվում է ԼՂՀ-ին: Այդ մասին հրապարակել են նաև համանախագահող երկրները՝ իրենց 6 կետերում: Ակնհայտ է, որ ՀՀ-ն ԼՂՀ-ի փոխարեն չի կարող որոշում կայացնել, հետևաբար բոլոր խնդիրները, որպեսզի լուծեն, անհրաժեշտ է Ղարաբաղի մասնակցությունը»,- Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց փոխաևտգործնախարարը:
Նա ընդգծեց նաև` այն հանգամանքը, որ Ադրբեջանը դրանից խուսափում է, «լակմուսի թուղթ» է, որը ցույց է տալիս Ադրբեջանի իրական մտադրությունները: Այսինքն` Ադրբեջանը բանակցություններն օգտագործում է որպես քող՝ իր քարոզչությունն առաջ մղելու համար: «Եթե Ադրբեջանը ցանկանար գնալ առաջընթացի, ոչ միայն պարտադիր կհամաձայներ Ղարաբաղի մասնակցությանը, այլև կբանակցեր: 94-ին Ադրբեջանը Ստեփանակերտի հետ բանակցում էր առանց Հայաստանի: 94-ի համաձայնագիրը ի սկզբանե ենթադրվում էր, որ պետք է ստորագրեին Ադրբեջանն ու Արցախը, հետո, որպես ներգրավված կողմ, նաև ստորագրեց Հայաստանը: Այդ ժամանակ Հեյդար Ալիևը՝ Իլհամ Ալիևի հայրը, իր ստորագրությամբ լիազորում է իրենց մեջլիսի փոխխոսնակին, որ նա բանակցություններ վարի ԼՂՀ ներկայացուցչի հետ: Այնպես որ, այս անդրադարձը պատմությունը նրա համար էր, որ ցույց տանք, որ Ադրբեջանը ձևացնում է: Եվ քանի դեռ նա ձևացնում է, թե ԼՂՀ-ն որպես այդպիսին չկա, նշանակում է, որ առաջընթացն անհնարին է»,- ամփոփեց իր միտքը Շ. Քոչարյանը: