30/10/2014 16:58
SOS Ամուլսար. Այս հանքի շահագործման ռիսկերն անկառավարելի բնույթ ունեն
SOS Ամուլսար նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական վտանգներին:
«Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը, Ֆինանսական միջազգային կորպորացիան (IFC) ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) ջանքեր չեն խնայում օրինականացնելու Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման և ցիանային արտադրության կառուցման ծրագիրը:
Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը հանրության կողմից աջակցություն չի վայելում. դեռ 2011թ․-ին Ջերմուկում Ամուլսարի ծրագրի քննարկումն ավարտվեց սկանդալով և տեղի ակտիվիստների ու Գեոթիմի աշխատակիցների լեզվակռվով: 3 տարի անց` Գնդեվազ գյուղում 2014թ-ի օգոստոսի 25-ին հասարակական լսումները մեկնարկեցին սկանդալով. Գյուղի բնակիչները Ամուլսարի ծրագրի դեմ բողոքի ակցիա կազմակերպեցին և գյուղապետին մեղադրեցին անձնական շահագրգռվածության մեջ:
Ամուլսարի խնդրին 2011-2014թթ. ընթացքում նվիրված է եղել 3 գիտաժողով, 5 հանրային քննարկում, որոնց ընթացքում բացասական գնահատականներ են ներկայացրել երկրաբաններ, հիդրոերկրաբաններ, տնտեսագետներ, բուսաբաններ, կենդանաբաններ, իրավաբաններ, բժիշկներ, կուրորտաբաններ և այլ մասնագետներ:
Բանավոր և գրավոր գնահատականներում ներկայացվել են երկրի ռազմավարական ջրային ռեսուրսների` Արփա և Որոտան գետերի, Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների, Սևանա լճի թունավորման բարձր ռիսկերի մասին, գյուղատնտեսական նշանակության հողերի` ծանր մետաղներով աղտոտման ռիսկերի մասին:
Հանքի շահագործումը պարզապես ոչնչացման առջև կկանգնեցնի Կարմիր գրքում գրանցված մի շարք բույսեր և կենդանիների։
Հայտարարում ենք, որ Ամուլսարի ծրագրի ռիսկերը անկառավարելի բնույթ ունեն: Այդ ռիսկերի նկարագրությունը, օրենքների և միջազգային ստանդարտների խախտումները հիմք են հանդիսացել 9 հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների, ինչպես նաև 210 գնդեվազցիների կողմից IFC-ի և EBRD-ի Օմբուդսմեններին բողոքներ ուղարկելու համար: Բողոքներն ընդունված են դիտարկման և անցնում են աուդիտորական ստուգում IFC-ի և EBRD-ի Օմբուդսմենների գրասենյակների կողմից:
Ինչ վերաբերում է Ջերմուկ քաղաքին, ապա Ջերմուկն ունի բոլոր հնարավորությունները բալնեոլոգիական առողջարանի վարկանիշը կորցնելու համար: Ջերմուկը կենթարկվի բաց հանքավայրի պայթեցումների, փոշու, 18 տոքսիկ տարրեր և ծանր մետաղներ պարունակող լցակույտերի ազդեցությանը:
Ջերմուկի առողջարանային վարկանիշը պահպանելու համար ոչ մի գործողության պլան չի օգնի, և Ջերմուկը որպես առողջարան կդադարի գոյություն ունենալ:
S.O.S. Ամուլսարի նախաձեռնություն`
«Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնություն
«Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն
«Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնություն
«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
«Էկոիրավունք» ՀԿ
«Թռչնասերների կենտրոն» ՀԿ
«Հայ կանայք հանուն առողջության եվ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ
Թեհմինե Ենոքյան, Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղի բնակիչ, լրագրող»,- ասված է տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ «Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ էր արել Ամուլսարի շրջակա գյուղերի բնակիչներին պայքարել հանքի շահագործման դեմ և խոստացել էր աջակցել այդ գյուղերում այլընտրանքային տնտեսության զարգացմանը:
Նախորդող հրապարակում՝ Թեղուտցիները կոչ են անում գյուղացիներին թույլ չտալ Ամուլսարի շահագործումը