30/10/2014 14:27
Թեղուտցիները կոչ են անում գյուղացիներին թույլ չտալ Ամուլսարի շահագործումը
Թեղուտի պատշպանության քաղաքացիական նախաձեռնության բաց նամակ է ուղղել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի անմիջական ազդակիր համայնքների ղեկավարներին և բնակիչներին: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են անում մերժել հանքարդյունաբերական այդ ծրագիրը և խոստանում են ամայնքներում աջակցել այլընտրանքային տնտեսության զարգացմանը: Բաց նամակում մասնավորապես ասված է.
«Գնդեվազի, Գորայքի և Սարավանի հարգելի բնակիչներ, ձեր համայնքները հայտնվել են հերթական անհեռատես և բնապահպանական օրենսդրությունը խախտող հանքարդյունաբերական ծրագրի ճիրաններում:
Ամուլսարի ոսկու հանքավայրի հնարավոր շահագործման աղետալի հետևանքների մասին դուք պետք է որ տեղեկացած լինեք: Եթե կառավարությունը և հանքավայրի շահագործմամբ հետաքրքրված Գեոթիմ ընկերությունը ձեզ չեն տեղեկացրել, թե մասնավորապես՝ ձեր և համայնքային սեփականության, ձեր առողջության, ձեր տնտեսական գործունեության, ձեր շրջակա միջավայրի, Հայաստանի կարևորագույն ջրային ռեսուրսների՝ Սևանա լճի և Որոտան գետի ավազանի, տարածաշրջանի տուրիստական գործունեության վրա ինչ բացասական հետևանքներ կունենա հանքավայրի շահագործումը, ապա դուք անտեղյակ եք ձեր և ձեր սերունդներին հասցվելիք մեծ վնասին:
Եթե տեղեկացված լինեիք այդ հսկայական վնասներին, ապա միանշանակորեն կմերժեիք հանքարդյունաբերական այդ ծրագիրը ձեր համայքներում:
Մենք տեղյակ ենք, որ ձեզ ներկայացրել են աշխատատեղեր տրամադրելու գայթակղիչ առաջարկը, մինդեռ ձեր համայնքներն ունեն առկա և պոտենցիալ հսկայական ռեսուրսներ՝ զարգացնելու այգեգործությունը, անասնապահությունը, կաթնամթերքի արտադրությունը, ալպյան կանաչեղենի հավաքչությունը և տուրիզմը:
Դեռևս Թեղուտ ու Շնող համայնքների օրինակից մենք գիտենք, որ այլընտրանքային տնտեսությանը զարկ տալը կօգնի համայնքներին հասկանալու, որ իրենց շահը երկարաժամկետ և շրջակա միջավայրին անդառնալի վնաս չհասցնող ծրագրերն են, ոչ թե` հանքարդյունաբերությունը:
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունն իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու ձեր համայնքների գյուղատնտեսական ապրանքների և հնարավոր տուրիստական ծառայությունների խթանման հարցում:
Ինչպես Թեղուտ և Շնող համայնքներում ենք կազմակերպել մեղրի վաճառք և հիմա փորձում ենք այնտեղ այլընտրանքային բիզնեսը խթանել, այնպես էլ պատրաստ ենք ձեր համայնքի համար նորարար մոտեցումներով խրախուսել այլընտրանքային տնտեսության զարգացումը:
Կոչ ենք անում թույլ չտալ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը և մտածել ձեր համայնքները մաքուր և չթունավորված գյուղատնտեսական արտադրանքի կենտրոններ դարձնելու մասին: Գնդեվազ համայնքում մենք պատրաստ ենք ծիրանի և ծիրանից պատրաստված ապրանքների տոնավաճառ կազմակերպել առաջիկա ամռանը:
Հանքի շահագործումը և առողջ շրջակա միջավայրը անհամատեղելի են, հատկապես Ամուլսարի հանքի պարագայում, երբ բացհանքի ու ցիանային ֆաբրիկայի պատճառով թունավորվելու են ջրային ռեսուրսներ և հողեր ոչ միայն ձեր համայնքներում, այլև Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում:
Մեր պատրաստակամությունն անկեղծ է, սպասում ենք ձեր արձագանքին»: