30/10/2014 17:07
Ինչի՞ վրա է ծախսելու ԱԳՆ-ն բյուջեյով նախատեսված 12 մլդ 593 մլն դրամը
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը 2015 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ հարց ուղղեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին, ով հայտարարել էր, որ հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է ԱԳ նախարարությանը հատկացնել 12 մլդ 593 մլն դրամ:
Նշենք, որ Սաֆարյանը, մանրամասն ներկայացնելով թվերը, նշել էր, որ այդ ծախսեր ներառում են ԱԳՆ ապարատի պահպանումը, դեսպանությունների պահպանման ծրագրերը, միջազգային կառույցներին անդամակցելու ծախսերը, վերապատրաստման ծառայությունների վճարումները, ինչպես նաև՝ տրանսպորտային ու տեխնիկական միջոցների ձեռբերումը` նախարարության համար: «Ինչպես բոլոր պետական գերատեսչություններում, այստեղ ևս հիմնական փոփոխությունները պայմանավորված են աշխատավարձերի բարձրացմամբ և էլեկտրաէներգիայի թանկացմամբ: Իսկ 25 մլն դրամ հատկացվել է նախարարությանը համակարգիչներ և տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար»,- հայտարարեց Սաֆարյանը, ինչը մտահոգությունների տեղիք տվեց պատգամավոր Վահան Բաբայանի մոտ:
«Պարոն Սաֆարյան, նշեմ, որ 40 տոկոս աղքատություն ունեցող երկրում ահռելի գումարներ են տրամադրվում մի գերատեսչության՝ միայն մեքենաներ ձեռքբերելու համար: Կցանկանայի իմանալ, թե ի՞նչ տիպի ներկայացուցչական մեքենաներ են ձեռքբերվել, ո՞ւմ համար, ի՞նչ մակնիշի և ի՞նչ արժողության»,- հետաքրքրվեց Բաբայանը, ինչին ի պատասխան Սաֆարյանն արձագանքեց.
«Նախ նշեմ, որ 40 տոկոս աղքատության և ԱԳ նախարության միջև որևէ կապ չեմ տեսնում: Այնպես չէ, որ ԱԳ նախարարությունում ծախսեր եթե չլինեն, այդ ցուցանիշները նվազելու են: Ես արդեն ասացի, որ հատկացումների ավելացումները, հիմնականում, կապված են աշխատավարձերի բարձրացման հետ, ինչը հավանության է արժանացել Կառավարության կողմից: Մենք չէինք կարող աշխատավարձերը հուլիսից բարձրացնել, հետո հունվարից կրկին իջեցնել»,- հակադարձեց փոխնախարարը, այնուհետև շարունակեց, որ նախարարությունը ձեռք է բերելու 2 ծառայողական մեքենաներ, 10 մլն արժողությամբ՝ «Տոյոտա Կարոլա» մակինիշի:
Վահան Բաբայանը, դժգոհելով պատասխանից, արձագանքեց, որ էլեկտրաէներգիայի համար այլ մեղավորներ փնտրել պետք չէ: Ինչ վերաբերում է աղքատությանը, ապա պատգամավորը շեշտեց, որ բոլոր կառավարություններն էլ աղքատ երկրներում գնում են ծախսերի կրճատման: «Լինում են կրճատումներ բոլոր ապարատներում, այդ թվում և` ԱԳՆ-ում: Իսկ Էլեկտրաէնեգիայի թանկացումն էլ, կարծում եմ, Կառավարություն չի արել: Եթե ինչ-որ ծախսեր յուրաքանչյուր ոլորտում կրճատվեին, ինչ-որ արդյունք կունենայինք»,- արձագանքեց պատգամավորը:
«Մենք ավելի շատ ակնկալում ենք առաջարկություններ լսել: Եթե դուք կունենաք առաջարկներ` կապված 40 տոկոս աղքատության հետ, մենք պատրաստ ենք դրանք քննարկել»,- հավելեց փոխնախարարը: