31/10/2014 18:30
Աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պարգևատրվեց ԵՊՀ «Հոբելյանական մեդալով»
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասպիրանտ Արսեն Ջուլֆալակյանն այսօր պարգևատրվեց ԵՊՀ «Հոբելյանական մեդալով»:
Մեդալը մարզիկին հանձնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ նշելով, որ հպարտ է իր ղեկավարած բուհում Արսենի նման ուսանող ունենալ.
«Թյուր կարծիք կա, թե սպորտի բնագավառում լուրջ հաջողությունների հասած մարզիկներն այլ բնագավառներում բարձունքների հիմնականում չեն հասնում: Արսենն ապացուցում է հակառակը»,- ասաց Արամ Սիմոնյանը՝ նշելով, որ նա մարդու այն տեսակն է, ով հստակ գիտի՝ ինչ է ուզում կյանքում:
ԵՊՀ ռեկտորի խոսքով՝ Արսեն Ջուլֆալակյանի ընտրած երկու բնագավառներն առաջին հայացքից շատ տարբեր են, բայց ունեն ընդհանուր գծեր.
«Դրանք աշխատասիրությունն ու կամքն են, որ պետք են երկու ոլորտում էլ»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: