12/11/2014 15:46
Նորզելանդացի գրողը Հայոց ցեղասպանության մասին գիրք է գրել
Նորզելանդացի գրող Լեն Ուիքսին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ծագումը: Բացահայտում» վեպը գրելուն ոգեշնչել է իր հայուհի կինը՝ Արմինե Հակոբյանը: Այս մասին ասյօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրողը:
Այսօր ներկայացվեց վեպի հայերեն տարբերակը: Գրողի խոսքով՝ ինքը նախկինում գիրք չի գրել, սակայն այս գիրքը գրվել է Հայաստան այցելությունից հետո, քանի որ ինչ-որ առանձնահատուկ հարազատ բան կա այստեղ իր համար:
«Սա ավելին է, քան գիրքը: Հայերը իրենց սրտում շատ ցավ ունեն և պետք էր, որ դրսից ինչ-որ մեկը գրեր սա: Գիրքը ստեղծված է խաղաղություն բերելու ձեր ազգին»,-ասաց Լ. Ուիքսը:
Հեղինակը նշեց, որ թեև իրեն Հայաստանը ամբողջության մեջ ոգեշնչում է, սակայն, իր համար բացառիկ են Արենին և Նորավանքը, և զարմանք հայտնեց, որ Հայաստանը զբոսաշրջության նախարարություն չունի և չի օգտագործում իր ռեսուրսները այդ բնագավառում:
Հեղինակի խոսքով՝ այս գիրքը այլընտրանքային պատմություն է, որ պետք է ընթերցողին ստիպի խորհել կարևորագույն մարդկային արժեքների մասին, և չնայած ողբերգական հետնապլանին՝ սա վեպ է սիրո, մշակույթի և բացահայտման մասին:
Նա ասաց, որ երազում է գիրքը էկրանավորված տեսնել: Հեղինակի խոսքով՝ դրա համար մեծ գումարներ անհրաժեշտ չեն, սակայն համաձայնեցվածություն չի տեսնում հայկական սփյուռքի և Կառավարության գործողություններում, իսկ այլ երկրներից գումար պահանջելու դեպքում մտավախություն ունի, որ իրեն չեն հավատա:
«Ծագումը: Բացահայտում» գիրքը հարգում է նաև 1915 թ. ապրիլի 25-ին Ավստրալիայից և Նոր Զելանդիայից ժամանած այն զինվորների հիշատակը, որոնք եկել էին պայքարելու ցեղասպանություն իրականացնող օսմանյան թուրքերի դեմ: