14/11/2014 17:55
Սեյրան Օհանյան. Միջազգային հանրության պատասխանը կարող էր ավելի խիստ լինել
«Հարևանի գործողությունները շատ ցավալի են և լկտի: Դրանք, անկասկած, ստանալու են համարժեք և մի քիչ էլ ավելի անհամաչափ պատասխան»,- այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից օպերատիվ մարտավարական զորավարժություններին մասնակցող հայկական ուղղաթիռի խոցման փաստին, ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մեր հարևաններն իրենց դեմքը ցույց տվեցին՝ կոպտորեն խախտելով այն բլոր նորմերը, որոնք գոյություն ունեն: Շատ ցավալի դեպք է, բայց զորավարժությունների կրակային փուլի ողջ ընթացքը ցույց տվեց, որ նույնիսկ այս ցավալի դեպքը չազդեց ՊԲ զորամասերի և ստորաբաժանումների գործողությունների վրա, և մենք կարողացանաք իրականացնել այն նպատակը, որը դրված էր մեր առաջ ի սկզբանե»,- ասաց Ս. Օհանյանը:
Հարցին, թե այդ դեպքից հետո հնարավո՞ր է կրկնվի հուլիս-օգոստոսյան իրավիճակը, Հայաստանի պաշտպանության նախարարն ասաց, որ հուլիս-օգոստոսյան դեպքերն այն գագաթնակետն էին, որից հետո իրավիճակը համեմատաբար հանդարտվեց.
«Այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ լարվածությունը միշտ էլ եղել է, այս դեպքը ևս ցույց տվեց, որ մենք պետք է միշտ պատրաստ լինենք նման լարվածությունների»,- ասաց նա՝ նշելով, որ հայկական կողմը միշտ պետք է պատրաստ լինի պարտադրել խաղաղ պայմաններ:
«Հենց այս զորավարժությունների հիմնական նպատակն է խաղաղության պահպանման ուղղությամբ պատրաստակամության ամրապնդումը»,- ասաց նախարարը:
Լրագրողների խնդրանքով Ս. Օհանյանն անդրադարձավ նաև դեպքի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքին:
«Կարծում եմ, որ միջազգային հանրությունը հասկանում է և արձագանքը, համենայնդեպս, այն, ինչ ես լսել եմ, համարժեք էր, կարելի էր՝ մի քիչ ավելի խիստ լինել: Խիստ գնահատականը կտրվի այն ժամանակ, երբ վերջնականապես պարզվի կատարվածը: Ի վերջո, ուղղաթիռները մեր տարածքում են եղել և խախտող կողմը պետք է իր գնահատականը ստանա»,- ասաց նա:
Անդրադառնալով ուղղաթիռին մոտենալու հնարավորությանը՝ Ս. Օհանյանն ասաց, որ միջազգային կառույցների միջոցով հիմա ձեռնարկվում են հնարավոր բոլոր քայլերը:
«Այդ կառույցները փորձում են Ադրբեջանի ռազմական ղեկավարության և իշխանությունների հետ կոնտակտի դուրս գալ»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ պատասխան համարժեք քայլեր անկասկած ձեռնարկվելու են:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղաադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը:
Նախորդող հրապարակում՝ Մովսես Հակոբյան. Թռիչքներն իրականացվում էին մեր հատվածում