03/12/2014 18:04
«Ինչո՞ւ պարոն Լիսկան կարող է մարզպետ նշանակվել, իսկ շարքային կալանավորը չի կարող ինտեգրվել հասարակության մեջ»
ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ ինքը Սևան ՔԿՀ-ում գտնվող կալանավորներից մեկի անունով նամակ է ստացել և ուզում է այն ընթերցել:
Ի դեպ` Զարուհի Փոստանջյանը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն և հետաքրքրվել, թե ի՞նչ քայլեր են մշակվում ՔԿՀ-ները թեթևացնելու ուղղությամբ:
Ընթերցելով կալանավորի նամակը, պատգամավորը նշեց, որ բանտարկյալը հետաքրքրվում է, թե քանի ՀՀ քաղաքացու համար է ստեղծվել Հայաստանը, ովքեր կարող են գոնե մարդկային կյանքով ապրել: «Կալանավորը հետաքրքրվում է նաև, թե Հանրապետական կուսակցութան անդամներից բացի, այլ հայեր իրավունք ունե՞ն նորմալ կյանքով ապրել Հայաստանում: Խոսում եք Ցեղասպանությունից, դիվերսիաներից, բայց ինչո՞ւ եք հայերին ենթարկում սոցիալական ցեղասպանության»,- մեջբերեց կալանավորի նամակը պատգամավորը և հետաքրքրվեց, թե քանի՞ կալանավոր կա այսօր կալանավայրերում, ովքեր սոցիալական շատ ծանր պայմաններով են ապրում այդ հաստատություններում:
«Ազատամարտիկների շնորհիվ այսօր ապրում ենք անկախ Հայաստանում, բայց ազտամարտիկների ընտանիքները գտվում են շատ ծանր սոցիալական վիճակում: Ուզում եմ իմանալ, թե Ձեր վարած ավտոմեքենան որքա՞ն արժե, ի՞նչ մակնիշի է, և դա ձեզ համար պրիստիժի հա՞րց է, թե՞ ոչ: Հայաստանի 80 տոկոսը վարկի տակ է ճռռում, իսկ ԴԱՀԿ-ն օրական մոտ 10 ընտանիք դուրս է գցում փողոց: Մարդիկ ուտելու կարիք ունեն, պարտքով են հաց վերցնում, սոված են»,-շարունակեց մեջբերումը Փոստանջյանը, որին ընդհատեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Չէի ցանկանա, որ անտանելի դառնաք, հարցին կպատասխանի արդարադտության նախարար Հովհաննես Մանուկյանը»,- հայտարարեց ԱԺ նախագահը:
Նախարար Հովհաննես Մանուկյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ տեղյակ է՝ խոսքն ում մասին է գնում և հավելեց, որ իր հետ բերել է Սևան ԿՔՀ-ում գտնվող կալանավոր Իսախանյան Աշոտի կենսագրական և նախկին դատվածությունների հարուստ պատմությունը:
«Նա դատապարտվել է վաշխառության, խարդախության, ապօրինի ծառահատման համար: Այս ցուցակը շատ երկար է: Ես չեմ ուզում մանրամասնել բոլոր հարցերը, որոնք հնչեցնում եք այստեղ: Դրանք տեղավորվում են քաղաքական շոուի տրամադրության մեջ: Ես կարող եմ պատասխանել միայն ձեր կոնկրետ հարցերին»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ նախկին 6 հազար կալանավորների փոխարեն այսօր ՔԿՀ-ներում կա մոտ 4 հազար կալանավոր, որոնցից յուրաքանչյուրի համար պետբյուջեից տարեկան ծախսվում է որոշակի գումար, որը փոփոխական է:
Նախարարը ընդգծեց նաև, որ որպես փորձառու իրավաբան ու նախկին իրավապաշտպան, պատգամավորը պետք է տեղյակ լինի, որ պետությունը պարտավոր է կենցաղային պայմանների բարելավման համար քայլեր ձեռնարկել: «Այս ուղղությամբ աշխատանքներն այսօր էլ շարունակվում են»,- ասաց նախարարը:
«Հարցը դա չէ»,- նկատեց Փոստանջյանը` ընդգծելով, որ այս պահին ՔԿՀ-ներում կա 5000 կալանավոր, որոնց հարազատները սպասում են իրենց հերթին, որպեսզի կալանավորներին ուտելիք փոխանցեն:
Պատգամավորն ընդգծեց, որ կալանավորները իրենց բողոքն են արտահայտել, թե ինչու պարոն Լիսկան, ով ունի բավականին հարուստ կենսագրություն, կարող մարզպետ նշանակվել, իսկ շարքային կալանավորը չի կարող հասարակության մեջ իր ուրույն տեղը կրկին զբաղեցնել:
«Ես էլ գողական ձևով աբրաշատ լինե՞մ, որ մարզպետ նշանակվեմ»,- կրկին մեջբերեց կալանավորի խոսքերը Փոստանջյանը, որին ի պատասխան նախարարն արձագանքեց. «Ես որոշակի առումով այս բառապաշարի հետ առնչվել եմ, բայց հարկ չեմ համարում այդ բառապաշարով խոսել այս ամբիոնից: Ես ուզում եմ Ձեզ ու Իսանախանյանի հայտնել, որ այս պահին մեր հիմնական խնդիրը կապված է այն դատապարտյալների հետ, ովքեր ուզում են ինտեգրվել հասարակության մեջ և իրենց սխալները ուղղել: Կարծում եմ, որ իմ պաստախaնը սպառիչ է»,- ամփոփեց իր միտքը նախարարը: