10/12/2014 18:50
Վերականգնվող էներգետիկ պաշարներից ամենաշատն օգտագործվում են հիդրոպաշարները
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր՝ Հայաստանում վերականգնվող էներգետիկային նվիրված համաժողով, ներկայացնելով էներգետիկ համակարգի ներկա վիճակը և վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ուղղված քաղաքականությունը, նշել է, որ Հայաստանի էներգետիկ անկախության աստիճանի բարձրացման գործում անգնահատելի է վերականգնվող էներգետիկայի դերը՝ որպես սեփական ռեսուրսների օգտագործում: Այս մասին հայտնում են էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառյությունից:
Նրա խոսքով՝ երկարաժամկետ հեռանկարում էներգետիկ համակարգում նախատեսված թիրախներին հասնելու համար անհրաժեշտ են որոշակի քայլեր ու հստակ ծրագրեր: Հայկ Հարությունյանը նշել է նաև, որ վերականգնվող էներգետիկայի զարգացումը Հայաստանի էներգետիկ ռազմավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկն է, և, այդ ոլորտում ներդրումները խթանելու նպատակով, Հայաստանում ընդունվել են մի շարք ռազմավարական և օրենսդրական փաստաթղթեր:
Ուսումնասիրությունների համաձայն Հայաստանը ունի բավական մեծ սեփական վերականգնվող էներգիայի պաշարներ, որոնց օգտագործումը թույլ կտա բավարարել 2025թ էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչև 30%-ը (վերջինս չի ներառում երկրաջերմային էներգիայի, արևային էներգիայի անմիջական փոխակերպման, բիոգազի հիման վրա արտադրվելիք էլեկտրաէներգիայի ներուժը և հողմային էներգիայի զգալի մասը):
Այսօր վերականգնվող էներգետիկ պաշարներից ամենաշատն օգտագործվում են հիդրոպաշարները: Հիդրոէներգետիկան 2013 թվականին ապահովել է մեր հանրապետության էլեկտրական էներգիայի տարեկան արտադրանքի մոտ 29%-ը:
Համաժողովի բանախոսներն անդրադարձել են նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտի ներդրումային միջավայրին առնչվող հարցերին, ոլորտի մյուս ճյուղերի՝ երկրաջերմային էներգետիկայի ծրագրի բնապահպանական և սոցիալական գնահատման հարցերին, ինչպես նաև, արևային տեխնոլոգիաների ներդրումների հաշվարկման առանձնահատկություններին:
Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ նման նախաձեռնությունները կնպաստեն տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների միջև փոխշահավետ համագործակցությանը, ինչը հնարավորություն կստեղծի համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ներուժը առավե¬լա¬գույնս արդյունավետ օգտագործելու համար:
Համաժողովը կազմակերպվել էր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի նախաձեռնությամբ: