23/01/2015 15:25
Կադաստրի ղեկավար. Վերջին շրջանում բնակարանների վաճառքի ծավալները նվազել են
«Երևանում 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 273 հազ. 600 դրամ, իսկ մարզերում` 86200 դրամ: Անշարժ գույքի շուկայում 2014 թվականին գներն աճել են»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը։
Նա նաև նշեց, որ 2014-ին ևս մայրաքաղաքում ամենաթանկը Կենտրոն վարչական շրջանի անշարժ գույքն է. նախորդ տարի 1 քմ-ն այստեղ արժեր 427 հազ. դրամ, ինչը 2013թ-ի համեմատ 3,5%-ով ավելի է, իսկ Նուբարաշեն համայնքում անշարժ գույքի գները 2013թ-ի համեմատ աճել են 3,1%-ով` կազմելով 150 հազար 900 դրամ:
«Երևանում անշարժ գույքի գները միջինը աճել են 0.8 տոկոսով, մարզերում` 0.7 տոկոս»,- ասաց Մ. Սարգսյանը:
Ինչ վերաբերում է առուվաճառքի գործարքներին, Կադաստրի ղեկավարը հայտնեց, որ 2014թ-ին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 39221 գործարք, որոնց քանակը 2013թ-ի համեմատ աճել է 8.3%-ով: Այս գործարքներից 15911-ը կատարվել է Երևանում, ինչը 2013թ-ի համեմատ 8.4%-ով ավելի է:
Ըստ բանախոսի, դրամ-դոլարի տատանողականությունը ոչ մի ազդեցություն չի թողել անշարժ գույքի գների վրա, նաև վերջին շրջանում բնակարանների վաճառքի ծավալները նվազել են: