23/01/2015 15:13
Բերդում ավարտվել է զինվորի վիրահատությունը. Վերջին տեղեկություններով՝ նրա կյանքը կփրկվի
Բերդի հոսպիտալում ավարտվել է շարքային Հովհաննես Ավանեսյանի վիրահատությունն, ով վիրավորվել էր այսօր առավոտյան հակառակորդի դիվերսիան հետ մղելիս: Հակառակորդի գործողությունները Բերդի տարածաշրջանի Մովսես գյուղի ուղղությամբ էին: Վիրահատության ընթացքում հոսպիտալում էր նաև Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը.
«Զինվորը լուրջ վնասվածքներ ունի՝ թոքի, լյարդի նաև ողնաշարի հատվածում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արարատ Ավալյանը:
«Վիրահատության ավարտից հետո խոսեցի բժիշկի հետ: Ասաց ամեն բան արվել է, բոլոր միջոցները ձեռնարկվել են, հիմա մնում է սպասել: Տա Աստված ամեն բան լավ լինի մեր տղայի հետ»,- ասաց նա:
Քիչ առաջ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն էլ Facebook-ի իր էջում ևս մեկ անգամ հորդորեց զերծ մնալ ապատեղեկատվությունից՝ նշելով, որ վերջին տեղեկությունների համաձայն՝ վիրավորի կյանքը կփրկվի:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ:
Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտի է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն, ցավոք, հայկական կողմը ունի երկու զոհ և վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյան: