23/01/2015 17:42
Ներկայացվել է Էլեկտրոնային նոտար համակարգը
Հայաստանի Հանրապետության նոտարական պալատում ներկայացվել է Էլեկտրոնային նոտար համակարգը, որը ֆինանսավորվել է Եվրամիության, իրականացվել՝ Եվրոպայի խորհրդի կողմից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, ՀՀ նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Նաիրա Ավետիսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, պաշտոնատար այլ անձինք, նոտարներ:
Հասմիկ Հարությունյանը նշել է, որ համակարգի գործարկումը ոչ միայն ավտոմատացնում և հեշտացնում է նոտարի ներքին փաստաթղթաշրջանառությունը, այլև վերացնում է քաղաքացիների՝ տարբեր փաստաթղթեր հավաքելու նախկին անհրաժեշտությունը:
Համակարգի ներդրման աշխատանքներին աջակցելու համար ՀՀ նոտարական պալատի անունից շնորհակալագրեր են հանձնվել Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանին, Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակին, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանին և «Բեսթ Սոֆթ» ՓԲ ընկերությանը:
Արսեն Մկրտչյանը կարևորել է էլեկտրոնային նոտար համակարգի ներդրումը և նշել, որ 2012-2016 թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրով նախատեսված այս համակարգի սկզբունքը մեկն է՝ ծառայությունները մատուցել մեկ պատուհանի սկզբունքով:
Նրա խոսքով՝ 2014 թվականի առաջին եռամսյակից Էլեկտրոնային նոտար համակարգն ամբողջությամբ գործարկվել է Հայաստանի ողջ տարածքում և կարճ ժամանակում տեսանելի արդյունք է տվել նոտարի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման առումով:
Արսեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել այս գործում իրենց ներդրումն ունեցած Եվրոպական միությանը, Եվրոպայի խորհրդին, նոտարներին և համոզմունք հայտնել, որ էլեկտրոնային համակարգի շնորհիվ կապահովվի գործարքների անվտանգությունն ու կբացառվեն փաստաթղթերի հետ կապված խարդախություններն ու կեղծիքները:
Հոա-Բին Աջեմյանը կարևորել է Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման գործընթացն ու հույս հայտնել, որ էլեկտրոնային նոտար համակարգն ավելի կօգնի Հայաստանին էլ. կառավարման ոլորտում ևս մեկ քայլ առաջ գնալուն:
Միջոցառման ավարտին «Բեսթ Սոֆթ» ՓԲ ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Հարություն Մարգարյանը մանրամասն ներկայացրել է էլեկտրոնային նոտար համակարգի կիրառման եղանակները, իսկ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սպասարկման գրասենյակների համակարգման վարչության պետ Արման Պետրոսյանը բարձր է գնահատել կատարված աշխատանքն ու Կոմիտեի հետ համագործակցությունը: