23/01/2015 10:28
Անչոկ. Եթե բամբասում են, ուրեմն մի բան կա
Մայիսի 2-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նշանակված է Սոսո Պավլիաշվիլիի, Անչոկի և Նարի Հարությունյանի համերգը:
Անչոկը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ներկայացվելու են 2-3 հին երգեր, մնացածը լինելու են նոր երգեր:
Հարցին՝ արդյոք ո՞րն է պատճառը, որ վերջին շրջանում չի երևում հեռուստատեսությամբ և նոր երգեր չի թողարկում, Անչոկը պատասխանեց.
«Երևի մեր՝ ակումբով զբաղվելն է պատճառը, որ շատ ժամանակ է խլում»:
Նրա խոսքով՝ շուտով կներկայացվի իր նոր տեսահոլովակը, որի խոսքերի հեղինակը Նարի Հարությունյանն է:
Հարցին՝ ո՞վ է իր հանդիսատեսը և արդյոք մտավախություն չունի՞, որ երկար ընդմիջումներից կկորցնի նրանց, երգչուհին պատասխանեց. «Իմ հանդիսատեսը միջին տարիքի մարդիկ են, համարում եմ, որ ունեմ качественный, ոչ թե количественный հանդիսատես: Իհարկե, նման մտավախություն կա, բայց երբ որ սկսեմ նորից աշխատել, կարծում եմ, ամեն ինչ կվերականգնեմ»:
Երգչուհին նշեց, որ նախկինում ստացել է հեռուստատեսային նախագծերին մասնակցելու բազմաթիվ առաջարկներ, սակայն մերժել է դրանք, քանի որ նախ, չի սիրում նման հաղորդումների մասնակցելը և որակ չի տեսնում դրանցում:
«Երաժշտության մեջ, միգուցե, կարող եմ ինչ-որ բան փոխել, բայց հաղորդումների մեջ դժվար թե կարող եմ, դա ինձանից կախված չի»,-ասաց նա:
Երգչուհու խոսքով՝ այսօր հայկական շոու-բիզնեսում ևս հիմնական խնդիրը որակն է: «Իմ համար տարբերություն չկա, որ ոճի երաժշտություն է, կարևորը, որ այն ունենա որակ, իսկ այսօր այդ որակի պակասը կա:
Ես առաջ լսում էի երաժշտություն և առանց նայելու, թե ով է երգում, հասկանում էի դա, իսկ հիմա պետք է տեսնես նաև դեմքը, որ հասկանաս, թե ով է երգում: Դրա պատճառը այն է, որ այսօր իրար նման երգեր են, երգ է դուրս գալիս, որը ունենում հաջողություն, և մնացած բոլորը նույն երգից են ուզում:
Շատ քիչ է որակով երաժշտությունը, իհարկե, նա էլ կա, նա էլ, բայց անորակը գերակշռում է, իսկ հանդիսատեսը, չնայած բողոքում է, բայց լսում է դա, միգուցե, այն պատճառով, որ դա ավելի շուտ է ընկալվում»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե Անչոկը այն երգչուհիներից է, որի անվան հետ կապված սկանդալներ և բամբասանքներ շատ քիչ են եղել, երգչուհին պատասխանեց.
«Իմ մասին լսած բամբասանքը այն էր, որ պետք է քաղաքից գնամ, բայց դա ինձ չի զարմացնում: Ուրեմն մի բան կա, որ ասում են, ինչ-որ բան տեսել են: Միգուցե, նաև նրանով է պայմանավորված, որ շատ քիչ եմ երևում, տուսոկվկաներ չեմ սիրում և դրանց չեմ մասնակցում»: