23/01/2015 13:27
Գյումրիում 10-ից ավելի անձ հարցաքննվել և ազատ է արձակվել
Նախօրեին Գյումրիում ինքնաբուխ ակցիայի ժամանակ տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածով (խուլիգանություն) և 316 հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը): Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Նրա խոսքով՝ դրա շրջանակներում ոստիկանության ստորաբաժանումներին տրվել է հանձնարարություն պարզել այդ դեպքերի հնարավոր մասնակիցներին, վկաներին, 10-ից ավելի անձ բերման է ենթարկել և տեսագրությունների հետ միասին ներկայացվել նախաքննական մարմնին, ովքեր որպես վկա հարցաքննվել և ազատ են արձակվել:
Նշենք, որ մամուլում առկա տեղեկատվության համաձայն՝ արդեն մի քանի օր է՝ գյումրեցիներին հրավիրում են ՀՀ քննչական կոմիտեի Գյումրու բաժին և բացատրություններ պահանջում հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած բողոքի ցույցին նրանց մասնակցության վերաբերյալ: