23/01/2015 16:21
Լեռնիկ Ալեքսանյան. ՀԱՊԿ միջամտության անհրաժեշտություն այս պահին չկա
«Ռուսաստանի հետ հարաբերությունները երկկողմանի են: Քննադատելու բաներ շատ կան, սակայն Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականությունը միշտ էլ եղել է նույնը: Նրանք փոքր հարևանների հետ ունեն կոշտ սկզբունքներ վարելու քաղաքականություն. Ռուսաստանը պետք է լինի Կենտրոններից մեկը: Սա ենթադրում է, որ կողքի ազգերը պետք է հաշվի առնեն թե՛ Ռուսաստանի տարածքը, թե՛ ռեսուրսները, թե՛ պոտենցիալը»,- ասուլիսում նման տեսակետ հայտնեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
Նա պատահական չի համարում սահմանի լարվածությունը: Ըստ պատգամավորի՝ պատահական չէ նաև ընտրված ժամանակահատվածը. Հայաստանն այս տարի նշում է Հայոց ցեղասպանության 100 ամյակը: Պատգամավորի կարծիքով՝ սահմանի լարվածությունը պայմանավորված է նաև Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներով, իսկ թե ինչու ՀԱՊԿ-ն չի արձագանքում այս ամենին, Լ. Ալեքսանյանը համոզված է. դեռ ժամանակը չէ:
«Կարծում եմ՝ թե՛ կառավարությունը, թե՛ պետությունը, թե՛ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը գտնում են, որ ՀԱՊԿ-ի միջամտության անհրաժեշտություն այս պահին չկա, իհարկե կա մեծ պատերազմի վտանգ, բայց դեռ ժամանակը չէ, որպեսզի ՀԱՊԿ-ն միջամտի»,- հավելեց նա:
Լրագրողի դիտարկմանը՝ ՀԱՊԿ-ն մինչ օրս հանդես չի եկել նաև հայտարարությամբ, պատգամավորը նկատեց. «Դրանք երկրորդական բաներ են: Այն մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են, գտնում են, որ ՀԱՊԿ հայտարարությունները և համապատասխան ռազմական միջամտությունները կլինեն այն ժամանակ, երբ դրա պահանջը լինի: Դրա համար եմ ասում, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, որի նկատմամաբ այսօր հակառուսական տրամադրություններ են ստեղծվում: Թե Ռուսաստանը որքան ռազմական միջամտություն կցուցաբերի, դա մեզնից է կախված: Մենք ինքներս պետք է մեր տունը կարգավորենք, նոր դիմենք ՀԱՊԿ-ին»:
Ասուլիսի մեկ այլ բանախոս, Հանրային Խորհրդի անդամ Արշակ Սադոյանն էլ իր հերթին, անդրադառնալով սահմանի լարվածությանը, ընդգծեց, որ ՀԱՊԿ ասելով՝ առաջին հերթին հասկանում ենք Ռուսաստան, իսկ Ռուսաստանին ձեռնտու է սահմանի լարվածությունը:
«Ցավոք, Ռուսաստանն ինքն է սահմանային միջադեպերով շահագրգռված: Որքան մեծ լինի սահմանում լարվածությունը, այնքան մեծ կլինի նաև զենքի վաճառքը: Սահմանում լարվածությունը հենց Ռուսաստանն է առաջացնում, որը գուցե հետագայում վերաճի նաև պատերազմի: Իսկ եթե այսպիսի պայմաններում կարողանում է օգուտ քաղել, ապա ինչո՞ւ խանգարի»,- նշեց նա: Սադոյանի համոզմամբ՝ այս պահին Հայաստանի թիվ մեկ խնդիրը ոչ թե սահմանի լարվածությունն է, այլ Գյումրու միջադեպի բացահայտումը, որը նա կապում է այս ամենի հետ:
«Այս հարցը պետք չէ կապել Գյումրու միջադեպի հետ: Աբսուրդ եմ համարում: Պետք չէ, առանց այդ էլ վերքի վրա աղ լցնել: Իրոք դժվար էր, որևէ բան ասելը կամ ձեռնարկելը, բայց այս պահին էմոցիաները տեղին չեն: Գուցե մեր իշխանությունների հայտարարություններում եղել է որոշակի դանդաղկոտություն, բայց գործուղություններում՝ ոչ: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այս լարվածությունը թուլանա և հասարակության մեջ մեղմենք հակառուսական տրամադրությունները»,- հակադարձեց Լ. Ալեքսանյանը: