23/01/2015 13:08
Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ Թուրքիան «թոհուբոհի» մեջ է
Թուրք ընդդիմադիր գործիչ, «Ազգայնական շարժում» կուսակցության խմբակցության փոխնախագահ Օքթայ Վուրալը (MHP) պնդում է, որ Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ որոշ հողեր տրամադրել հայերին:
Վուրալն անդրադարձել է հայկական սփյուռքի այն պնդումներին, թե Անկարայում գտնվող նախագահական նախկին նստավայրը և Ստամբուլի Յեսելքոյը (Yeşilköy) շրջանի որոշ հողեր պատկանում են հայերին: Վուրալի մոտ հարց է առաջանում, թե արդյոք պատահականությո՞ւն է, որ կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր Յեսելքոյը (Yeşilköy) շրջանում Աթաթյուրքի օդանավակայանի քանդման մասին:
Ավելին՝ նախագահի նախկին նստավայրը, որը հայտնի է Չանքայի նստավայր անվանումով, մինչև անցյալ տարի ծառայում էր որպես նախագահի նստավայր: Էրդողանն իր հերթին հայտարարել էր, որ նախագահի նախկին նստավայարը հատկացվելու է Կառավարությանը:
«Արդյոք Թուրքիայի կառավարությունը Աթաթուրքի օդանավակայանի և Չանքայայի նախագահական նստավայրի հարցում հայկական սփյուռքի պահանջներին տուրք տվե՞ց: Արդյոք պատահականությո՞ւն է, որ այդ կառույցները տարհանվել են տվյալ պահին»,-նման հարցադրմամբ է հանդես եկել Վուրալը:
Ըստ Վուրալի՝ այս հարցերը պետք է թողնել պատմաբանների քննարկմանը: Սակայն վերջինս միևնույն ժամանակ նաև նշում է, որ հողի և փոխհատուցման հարցում հայերի պահանջների վերաբերյալ քայլեր ձեռնարկելը կնշանակի, որ թուքերն իրենց հողում ստրուկներ կդառնան:
«Նրանք, ովքեր ձգտում են հին խնդիրները ուշադրության կենտրոնում պահել, պետք է իմանան, որ պատմությունը չի կարող իրականացվել առանց քաղաքական դատավարության»,- նշել է Վուրալը:
Հատկանշական է այն հանագմանքը, որ ավելի վաղ Al-monitor պարբերականը տեղեկացրել էր, որ Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, ԱՄՆ և Արևմտյան երկրները ճնշում են գործադրելու Թուրքիայի վրա՝ Ցեղասպանության ճանաչման և հայկական սահմանի բացման հարցում: Ավելին՝ ըստ պարբերականի՝ Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն մինչև հունիսի 7-ը` Թուրքիայում ընդհանուր ընտրություններից առաջ, քայլեր է ձեռնարկելու Հայաստանից ներողություն խնդրելու և սահմանը բացելու ուղղությամբ: