23/01/2015 18:55
Շ. Քոչարյան. Բաքվի ռեժիմն ամեն գնով իր իշխանությունը երկարաձգելու համար վճարում է իր զինվորների արյունով
Ամանորից սկսած՝ Ադրբեջանի արկածախնդիր գործողությունների հետևանքով շարունակում է սրվել իրավիճակը Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում, ինչը զոհերի պատճառ է դարձել։ Ի՞նչ շարժառիթներով է դա արվում։ News.am տեղեկատվական կայքի այս հարցին պատասխանել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Շավարշ Քոչարյանը պատասխանել է.
«Խորապես ցավակցում ենք զոհված զինվորների հարազատներին և մերձավորներին։ Հայկական կողմերի յուրաքանչյուր կորուստ խորը ցավ է մեզ համար:
Իսկ Ադրբեջանի ղեկավարությունը թաքցնում է իր սադրանքների արդյունքում ունեցած տասնյակ զոհերի մասին տեղեկատվությունը։
Բաքվի ռեժիմը ամեն գնով իր իշխանությունը երկարաձգելու և Ադրբեջանի ժողովրդի հաշվին կուտակվող սեփական հարստությունը բազմապատկելու համար՝ վճարում է իր երիտասարդ զինվորների արյունով՝ գնալով նորանոր արկածախնդիր սադրանքների։
Նմանատիպ սադրանքներով Բաքուն միայն նպաստում է միջազգային հանրության կողմից՝ իրերն իրենց անունով կոչելու սկիզբ առած գործընթացին»: