23/01/2015 15:46
Վարդան Պետրոսյանի գործ. Բոլոր ապացույցներն ունենալով՝ մենք ոչ մի հարցի պատասխան չստացանք
Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով դատախազը, միայն վթարի մասին ահազանգի ճշտգրիտ ժամով չէր կարող հետևություն անել, թե վթարը տեղի է ունեցել ժամը 22:10-ին: Այս մասին այսօր Աբովյան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում իր պաշտպանական ճառում ասաց Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ մեղադրողը, դատելով այն բանից, որ «Շտապօգնություն» ահազանգ է ստացվել 22:24-ին, ոստիկանությունում ահազանգը ստացվել է 22:25-ին, այդ փաստերով հետևություն է արել, թե վթարը տեղի է ունեցել 22:10-ին՝ նույն րոպեին, երբ Վարդան Պետրոսյանը հեռախոսով խոսելիս է եղել, ինչը սակայն, չի կարելի միանշանակ ասել:
Ն. Բաղդասարյանը ասաց, որ իրականում ժամը 22:10-ին ստացվել է զանգը, անջատվել է, որից հետո վթարը տեղի է ունեցել, իսկ մեղադրանքում պետք է ապացուցվեր, որ հեռախոսը վթարի պահին եղել է Վ. Պետրոսյանի ձեռքում և դա կապ է ունեցել վթարի հետ:
Անդրադառնալով նրան, որ ըստ մեղադրանքի՝ Վարդան Պետրոսյանը գերազանցել է արագությունը, Ն. Բաղդասարյանը ասաց, որ եթե ճիշտ լիներ մեղադրանքը, ըստ որի, Վարդան Պետրոսյանը գերազանցել է սահմանված արագությունը՝ երթևեկելով առնվազն 71 կմ\ժ արագությամբ և վթարը տեղի է ունեցել կողնակում, ապա կարելի է ենթադրել, որ յուրաքանչյուր նույն մակնիշի ավտոմեքենա նույն արագությամբ նույն եղանակային պայմաններում երթևեկելու դեպքում պետք է դուրս գա կողնակ:
Ն. Բաղդասարյանը դատարանին հիշեցրեց առաջին և երկրորդ օրերի՝ դեպքի վայրի արձանագրությունների միջև եղած հակասության մասին, ինչպես նաև նշեց, որ, եթե դատարանը չմերժեր լրացուցիչ փորձաքննություն անցկացնելու իրենց միջնորդությունը, կապացուցվեր, որ վթարը չի եղել կողնակում։
«Բոլոր ապացույցները ունենալով՝ մենք ոչ մի հարցի պատասխան չստացանք դատավարարության ընթացքում»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքով, եթե փորձաքննությունը օբյեկտիվ անցկացվեր, ապա գործը կտևեր 1-2 ամիս, իսկ իր ճառը՝ 1-2 րոպե։