23/01/2015 17:25
Վարդան Պետրոսյանն իր խոսքում նախ ցավակցեց տուժողներին
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ: Այն պահին, երբ Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպան Մարի Լոռ Դոզեն ավարտեց իր պաշտպանական ճառը՝ ասելով, թե ՀՀ արդարադատության համակարգի բոլոր ձախողումներով դատարանին է հանձնում Վարդան Պետրոսյանին, դահլիճում ներկաները ծափահարեցին:
Ծափահարությունները առաջացրեց տուժողի իրավահաջորդ Արթուր Հակոբյանի վրդովմունքը, ով ասաց՝ «Երկու էրեխուս հողին եք հանձնել, եկել ստեղ ծափ եք տալիս: Էս անասունը էկել, փող էր առաջարկում, հիմա կանգնել ծա՞փ եք տալիս»:
Դատարանը սանկցիա կիրառեց Արթուր Հակոբյանի նկատմամբ՝ դուրս հրավիրելով դահլիճից: Ա. Հակոբյանը խոստացավ, որ այլևս չի խանգարի նիստի ընթացքին, սակայն նույն պահին կրկին աղմուկ բարձրացրեց, ինչից հետո դատավորը պահանջեց, որ նրան հեռացնեն դատական նիստերի դահլիճից:
Իր խոսքում դերասան Վարդան Պետրոսյանը նախ ցավակցեց Հակոբյաններին՝ նշելով, որ նման գործերը 2 ձևով են լուծվում՝ «կամ բարիշելով, կամ էլ դատարանի օրենքներով»:
Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը դատարանին միջնորդեց տուժող Արթուր Հակոբյանին, որին ավելի վաղ դատարանը, սանկցիա կիրառելով, հեռացրել էր դատարանից անհարգալից վերաբերմունքի համար, թույլ տալ մասնակցել դատական նիստին և հանդես գալ ռեպլիկով:
Վարդան Պետրոսյանը առարկեց միջնորդությանը. «Ես մեկ տարի շարունակ լռում եմ։ Եթե ինչ ասես, պիտի ասեն, ես դեմ եմ, ես չեմ կարող շարունակել իմ ճառը նման պայմաններում: Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում»։
Դատարանը, բավարարեց միջնորդությունը, Արթուր Հակոբյանին թույլ տալով մասնակցել նիստին: