24/01/2015 10:20
«Անձնական կյանքի ստանդարտներ չկան. Եվ հենց դա է կյանքը դարձնում հետաքրքիր». «Առավոտ»
«Առավոտում» կարդում ենք. «Գյումրիում տեղի ունեցած ողբերգության օրերին Ֆեյսբուքում կարդում էր «դատապարտող», «բարոյական հավատաքննություն» հիշեցնող գրառումներ` ինչո՞ւ եք ժպտում, ինչո՞ւ եք նկարվում, ինչո՞ւ եք սրճարաններ գնում և այլն: Դա, ինձ թվում է, սխալ մոտեցում է: Ճիշտ այդպես` ամեն մեկն իր ձևով է շփվում հարազատների հետ, իր ձևով է անցկացնում իր ազատ ժամանակը, սիրում է իր նախընտրած երաժշտությունը, նայում է իր հավանած ֆիլմերը: Ոչ մեկս չի կարող ստանձնել դատավորի դեր և ասել` սա ճիշտ է, իսկ սա` սխալ:
Անձնական, ընտանեկան խնդիրները քննարկվում են ոչ թե հարևանների և բարեկամների միջև «չաչանակությամբ», այլ հոգեբանների հետ: Այդպիսով՝ սահմանափակվում է այն անձերի քանակը, որոնց հասու է մարդկանց անձնական կյանքը, մյուս կողմից` դրա կարիքն ունեցողները շփվում են մասնագիտական հմտություններ ունեցող մարդկանց հետ: Բամբասելով, քննարկելով, դատապարտելով` մենք կամա թե ակամա ցանկանում ենք մարդկանց վզին փաթաթել կյանքի մասին մեր պատկերացումները, մեր ստանդարտները: Իսկ դա, ի վերջո, աղքատացնում է իրականությունը: Եթե բոլոր մարդիկ իրար նման լինեին, ապա հնարավոր կլիներ մեկին փոխարինել մյուսով: Իսկ անհատականությունը, ինչպես հայտնի է, անփոխարինելի է»: