24/01/2015 11:10
Հոսպիտալի պետ. Նախօրեին վիրավորված զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է
Նախօրեին Տավուշի մարզում հակառակորդի դիվերսիան հետ մղելիս վիրավորված շարքային Հովհաննես Ավանեսյանին տեղափոխել են Երևան՝ Կենտրոնական զինվորական հոսպիտալ: Նրա վիճակն հիմա գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը:
«Հիմա մենք ամեն բան անում ենք, որ զինվորի վիճակը կայունանա»,- ասաց Արամ Ասատուրյանը:
Նա նշեց, որ Հավհաննեսն ունի թոքի, լյարդի վնասվածքներ, ինչպես նաև կարիք կա ողնաշարի ֆիքսացիա անելու.
«Բայց այս պահին դեռ դրա ժամանակը չէ, քանի որ կյանքին սպառնացող վտանգ կա»,- ասաց գնդապետը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ:
Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտի է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն, ցավոք, հայկական կողմը ունի երկու զոհ և վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյան: