24/01/2015 10:58
Վայքի ռեստորաններում ճաշակում են բեզոարյան այծի միս
10 տարվա ընթացքում Հայաստանում բեզոարյան այծերի գլխաքանակը 2000-ից հասել է 3500-ի: Այս մասին Aysor.am-ին ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:
Aysor.am-ի տեղեկություններով Վայոց Ձորի մարզում գործող Արփա գետին մերձ որոշ ռեստորաններ հաճախ թակարդներ են դնում բարձր լեռներում` որսալով Կարմիր գրքում գրանցված կենդանիների, նաև բեզոարյան այծ:
Բեզոարյան այծերի մսից ճաշակելու համար, մեր տեղեկություններով, հատուկ պատվերներ են տրվում գետահովտի ռեստորաններին:
Aysor.am-ին Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանվելյանը պատմեց, որ իրենց խումբը ևս հաճախ է հանդիպում թակարդների՝ Վայոց Ձորի մարզում, թակարդները ոչնչացնում են, սակայն ոչ մի որսագողի չեն կարողացել տեղում բռնել, որպեսզի պատասխանատվության ենթարկեն:
Ընդհանուր առմամբ, նա նաև նշեց, որ որսագողությունը թեև պակասել է, սակայն չի վերջացել. Ժամանակ առ ժանմանակ տեղեկանում են տարբեր մարզերում Կարմիր գրքում գրանցված կենդանիների ապօրինի որսի մասին՝ արջ, վայրի խոզ, բեզոարյան այծ:
Հատկապես Վայոց ձորի մասին խոսելով, նշեց, որ որսագողությունը հաճախ տեղի է ունենում պահպանվող տարածքների ծայրամասերում, բարձր լեռնային վայրերում և այժմ Բնության համաշխարհային հիմանդրամի հայաստանյան ներկայացուցչությունում ընթացքի մեջ է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում միգրացիոն միջանցքաների ծրագիրը, որի իրագործումը կուժեղացնի հսկողությունը լեռնային վայրերեում, որոնք էլ հանդիսանում են բեզորյան այծերի ապրելավայրեր:
Կարեն Մանվելյանը հաղորդեց նաև, որ անհրաժեշտ է անտառամերձ հատվածներում, համայնքներում տարբեր ծրագրեր իրականացնել, տուրիզմը զարգացնել, որը կբերի խնդրի եթե ոչ ամբողջական լուծման, ապա թեթևացման:
«Լսում ենք արջի միս են մատակարում, եղջերու, վայրի խոզ: 10 տարի առաջ որսագողության վիճակն ավելի վատ էր, քան հիմա. Եթե որսագողությունը չլիներ, ապա բեզորայան այծերի քանակը ավելի շատ կլիներ»,- ասաց WWF-Հայաստանի ղեկավարը:
Նշենք, որ WWF-Հայաստանի կողմից «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղադրված թաքնված տեսախցիկով նկարահանել են բեզոարյան այծերի շարժը:
Բեզոարյան այծը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ (IUCN) Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cd» կարգավիճակով: ԲՊՄՄ չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»:
Բեզոարյան այծերի պոպուլյացիան խիստ մասնատված է մանր, իրարից տարանջատված խմբավորումների:
Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» և «Սևան» ազգային պարկերում, «Զանգեզուր» և «Խուստուփ» արգելավայրում և Հարավային Հայաստանի մի շարք այլ արգելավայրերում: WWF-Հայաստանը աջակցում է բեզոարյան այծի պահպանության և իր արեալի սահմաններում նոր պահպանվող տարածքների ստեղծման և զարգացման աշխատանքներին: