24/01/2015 14:33
Պերմյակովի արածը մարդկային պատկերացումից դուրս է. Ա. Ադիբեկյան
«Մենք հետամուտ եղանք ռուսական ԶԼՄ-ների արձագանքին, դա շատ դանդաղ եղավ, երևի սպասում էին վերևների արձագանքին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Գյումրու ողբերգական սպանության մասին, նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Շատ անհասկանալի և մութ կողմեր կան այս գործում, ինչն էլ տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տալիս»,- ասաց նա՝ շարունակելով, որ ինքն այս ընթացքում մի շարք նամակներ է ստացել, որտեղ լսել է տարբեր կարծիքներ:
«Մեկն այս գործում սատանիստների հետք է տեսնում, մեկ ուրիշը Պերմյակովին հանցագործ չի համարում. մարդ չի կարող սպանել և մեղքն իր վրա է վերցնում: Մեկ ուրիշն էլ չի բացառում, որ թմրադեղերի ազդեցության տակ է Պերմյակովը եղել: Տարբեր վարկածներ կան, բայց էականն այն է, որ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքն այևս չկա»,- մանրամասնեց սոցիոլոգը:
Ըստ նրա՝ ռուսական ռազմական տարածքներում տարեկան 50 հազար հանցագործություն է լինում, որից 250-ը՝ սպանություն: Սոցիոլոգը նկատեց, որ դրանց մեկ երրորդը ռազմական գոտիներից դուրս են տեղի ունենում, այսինքն՝ խաղաղ բնակչության շփվելու ընթացքում, երբ հարբած կամ կիսհարբած զինվորները հայտնվում են ռազմաբազայի տարածքից դուրս:
«Մարդկային պատկերացումներից դուրս արարք է: Պերմյակովի գործում հարկավոր է պատճառները գտնել: Մենք պետք է կարողանանք հասկանալ շարժառիթը, բայց դրանից հայ-ռուսական հարաբերությունները չպետք է տուժեն: Մենք պետք է կարողանանք շարունակել մեր բազմադարյա եղբայրական հարաբերությունները: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ռուսաֆոբիա չտարածվի»,- հայտարարեց Ա. Ադիբեկյանը: