24/01/2015 14:19
Թոշակները բարձրացան, «մահվան» նպաստը մնաց նույնը
Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից կենսաթոշակները բարձրացել են և արդեն իսկ թոշակառուները մի քանի հազար դրամով ավելի գումար են ստացել, քան նախորդ տարի: Մի կողմ դնելով այդ բարձրացման համաչափությունը ներկայիս շարունակ թանկացումներին ու առհասարակ այն գիտակցմանը, թե որքանով են այդ հազարները ունակ թեթևացնել թոշակառուների կյանքը (էլ չխոսենք միայնակ թոշակառուների դժվար կյանքի մասին), Aysor.am-ը զրուցեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանի հետ` զուտ մեխանիզմը հասկանալու համար:
Ըստ այդմ, տիկին Գալստյանը տեղեկացրեց, որ ավելացվել է աշխատանքային կենսաթոշակի չափը, որը հաշվառվում է հիմնական կենսաթոշակի չափից ելնելով և աշխատանքային տարիների ստաժից` մեկ տարվա ստաժի համար սահմանված արժեքի համաձայն:
«2014թ-ին հիմնական կենսաթոշակի չափը եղել է 14 հազար դրամ, 2015թ-ի հունվարի 1-ից` 16 հազար դրամ: Այսինքն` անկախ ստաժից 2 հազար դրամով կենսաթոշակի չափը բարձրացավ»,- նշեց Ա. Գալստյանը:
Ինչ վերաբերում է աշխատանքային կենսաթոշակին, որը հաշվարկվում է մեկ տարվա ստաժի արժեքով, ապա 2014թ-ին 1 աշխատանքային տարվա ստաժի արժեքը` մինչև 10 տարվա աշխատանքային ստաժի համար եղել է 450 դրամ, իսկ 10 տարի ավելի ստաժ ունենալու դեպքում յուրաքանչյուր տարվա արժեքը 750 դրամ: 2015թ-ի հունվարի 1-ից 450-ը դարձել է 500 դրամ, 750 դրամը դարձել է 800 դրամ:
«Այլ կերպ ասած այն հարցադրումները, թե ում կենսաթոշակը որքանով է ավելացել ճիշտ չեն, քանի որ դա կախված է հաշվարկներից: Կարող եմ ասել միայն, որ մենք հաշվարկներ ունենք, որ միջինում կենսաթոշակը կավելանա մոտ 5000 դրամով, ինչը նշանակում է, որ այն անձինք, ում աշխատանքային ստաժն է ավելին, ավելի շատ ավելացում կստանան և հակառակը: Բայց միանշանակ 2 հազար դրամից քիչ լինել չի կարող»,- պարզաբանեց վարչության պետը:
Հարցին` փոփոխության չի՞ ենթարկվել արդյոք կենսաթոշակային ծրագրի մասնակցի մահվան դեպքում տրվող միանվագ վճարի չափը` 200 հազար դրամի մասին է խոսքը: Պարզվեց, որ նպաստի չափը չի փոփոխվել.
«Ոչ, փոփոխություն և կարծես թե` մտադրություն էլ չկա»,- նշեց մեր զրուցակիցը: