26/01/2015 11:14
Արամ Ջուլֆալակյան. Վերջապես Հայաստանի չեմպիոն դարձա
Վանաձորում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության մրցումային վերջին օրը 66 կգ քաշային կարգում չեմպիոն դարձել է Արամ Ջուլֆալակյանը: Լրագրողների հետ զրույցում Հայաստանի նորընծա չեմպիոնը կիսվեց տպավորություններով:
«Շատ ուրախ եմ: Երկար տարիներ փորձում էի հաղթահարել այս «արգելքը», բայց չէի կարողանում: Վերջապես Հայաստանի մեծահասակների առաջնության չեմպիոն դարձա: Կցանկանայի նույնը կրկնել աշխարհի առաջնության ժամանակ»,- ասաց Արամը:
Sport Times.am-ի թղթակցի այն հարցին, թե հիմնական մրցակից Միհրան Հարությունյանի բացակայությունն ինչպես անդրադարձավ իր ելույթների վրա, Արամը պատասխանեց, որ եթե ցանկանում ես չեմպիոն դառնալ, պետք է լավ նախապատրաստվես և կարողանաս հաղթել բոլորին:
«Պետք է հատկապես լավ պատրաստվես այն հակառակորդի դեմ, ով անցյալ տարի եղել է Հայաստանի չեմպիոն: Եթե դառնում ես Հայաստանի չեմպիոն, պետք է կարողանաս նաև միջազգային ասպարեզում լավ հանդես գալ: Հայաստանի չեմպիոն դառնալը, բայց դրսում ոչինչ չանելն անիմաստ է»,- կարծում է կրտսեր Ջուլֆալակյանը:
Արամը նաև խոսեց եղբոր` աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի` իրեն տված խորհուրդների մասին.
«Վերջին 15 տարին միշտ միասին ենք. թե՛ հավաքների, թե՛ մրցումների ժամանակ: Երբ նա է մրցման մասնակցում, իսկ ես ազատ եմ լինում, ամեն ինչով պատրաստվում եմ օգնել: Նույնը հակառակ դեպքում է: Բնականաբար, Արսենն ավելի փորձառու է և կարողանում է ինձ լավ նախապատրաստել»: