26/01/2015 14:39
Հ. Սահակյան. Ի վերջո` կիմանանք ողջ ճշմարտությունը
«Եթե Պերմյակովին վերցնենք ու դատենք այստեղ, ապա վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մենք պարտավոր ենք Պերմյակովին տալու իրենց, պարտավոր ենք հանցագործին հանձնել իրենց, որ այնտեղ իր պատիժը կրի»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը` ավելացնելով, որ դա անկախ նրանից, թե ով է նրան բռնել` հայկական, թե մեկ այլ կողմ:
ՀՀԿ-ական պատգամավորը նաև վստահություն հայտնեց, որ այսօր առավել կարևոր է ոչ թե այն հարցերը, թե ռուսական կողմն է դատելու, որտեղ է նա պատիժը կրելու, այլ այն, որ մենք տեսնենք գործի բոլոր հանգամանքները:
Հ. Սահակյանն ասաց, որ կարծիքները շատ են, ողբերգությունը` մեծ, բայց ճիշտ է, որ թողնենք իրավապահներն անեն իրենց գործը.
«Թե հայկական, թե ռուսական կողմը շատ վճռական են, որպեսզի արդար, թափանցիկ քննություն լինի և պարզվեն այդ սարսափելի հանցագործության հանգամանքները»:
Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարություններին, Հ. Սահակյանը նախ նկատեց, որ մի ցավալի երևույթ է առկա` ողբերգությունը քաղաքականացվում է: Հիշատակելով գործի առնչությամբ հրավիրված խորհրդարանական լսումները՝ նա ասաց, որ բոլորն այսօր ցանկանում են իմանալ ինչո՞ւ և ինչպե՞ս տեղի ունեցավ այդ սպանությունը:
«Մեզ նույնպես հետաքրքիր է՝ ինչպե՞ս այդ ճիվաղը կարողացավ անել դա: Դա է պատճառը, որ մենք ուշադրության կենտրոնում ենք պահում այս գործը ու կարծում եմ՝ ի վերջո կիմանանք ողջ ճշմարտությունը»,- վստահություն հայտնեց նա: