26/01/2015 15:40
Հրանուշ Խառատյան. Կարծում եմ՝ Հայաստանն ընդհանրապես դիվանագիտություն չի վարում
Ես կարծում եմ, որ Հայաստանը ընդհանրապես դիվանագիտություն չի վարում: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ ընդգծելով, որ ԱԳՆ-ն սխալը սխալի հետևից է անում:
Միաժամանակ Հրանուշ Խառատյանը նշեց, որ օրինակ Թուրքիան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ օգտագործում է իր զինանոցում եղած դիվանագիտական ու ոչ միայն դիվանագիտական բոլոր միջոցները.
«Մեր Արտաքին գործերի նախարարությունը, կարծես, ՌԴ ԱԳՆ կցորդ լինի»,- ասաց ազգագրագետը:
Նրա կարծիքով՝ սահմանային վերջին լարվածությունը կապված է հենց Ցեղասպանության 100-ամյակի հետ:
«Կան, իհարկե, նաև այլ աշխարհաքաղաքական գործոններ, սակայն այն, ինչ տեսանք ամռանը, հիմա շարունակվում է: Որքան մոտենա ցեղասպանության տարելիցը, այնքան ավելի է ակտիվանում Ադրբեջանը»,- ասաց Հրանուշ Խառատյանը: