26/01/2015 16:29
Մեհմեթ Բաղաթըր. Մենք հաշիվ ենք պահանջում Հայոց ցեղասպանության համար, որը դարձել է 100-ամյա ամոթի սիմվոլ
Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» (ՄԻՄ -İHD ) Բաթմանի մասնաճյուղը հունվարի 24-ին «Աթաթուրքի» այգում հավաք է անցկացրել` նվիրված 1990-ականներին տեղի ունեցած և այդպես էլ չբացահայտված առևանգման և սպանության դեպքերին: Հավաքի մասնակիցները կրել են այդ շրջանում սպանված և անհայտ կորած մարդկանց լուսանկարները` պահանջելով բացահայտել դեպքերը: ՄԻՄ-ի Բաթմանի մասնաճյուղի նախագահ Մեհմեթ Բաղաթըրը իր ելույթում ընդգծել է, որ տեղի ունեցած հանցագործությունների մեջ մեղավորները մինչև օրս չեն կանգնել դատարանի առաջ:
«Այսօր, այստեղ` չբացահայտված սպանությունների, մեր անհայտ կորածների, մեր երեխաների համար հաշիվ պահանջելիս մենք պահանջատեր ենք նաև Հրանտ Դինքի և հարյուրամյա ամոթի սիմվոլ հանդիսացող Հայոց ցեղասպանության համար»,- ասել է նա:
Ինչպես տեղեկացնում է Ermenihaber.am լրատվականը, իրավապաշտպանը ընդգծել է, որ պատմական իրականությունը բացահայտելու համար անհրաժեշտ է «Ճշմարտության կոմիտե» հիմնել: Նա նշել է, որ Թուրքիան, չառերեսվելով անցյալի հետ, շարունակում է «անպատիժելիության քաղաքականություն» վարել: Նման կոմիտեի ստեղծումը կարող է արդյունավետ լինել և անցյալն ընդունելու, և չբացահայտված ու անպատիժ մնացած հանցագործությունների, այդ թվում` Հրանտ Դինքի սպանության բացահայտման համար:
«Առերեսումը պետք է սկսվի Հայոց ցեղասպանության» ճանաչումով: Առերեսման գործընթացի համար անպայման պետք է «Ճշմարտության կոմիտե» հիմնել…
Մինչդեռ ակնհայտ է, որ իշխանությունները «Ճշմարտության կոմիտե» հիմնելու համարձակություն չունեն: Թուրքիան պիտի հասկանա այս իրականությունը և ընդունի, որ այս քաղաքական իշխանությունն էլ մյուսների պես վերածվել է իր իշխանական ուժը գործի դնող, բռնարար և ավտորիտար մեխանիզմի», - եզրափակել է Բաղաթըրը:
Նյութը պատրաստվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի աջակցությամբ: