26/01/2015 12:55
Է. Նալբանդյան. Բաքվի համար զինվորները դիտվում են որպես համակարգչային զինվորիկներ
«Ադրբեջանի ղեկավարությունը երկիրը փակուղի է տարել իր քաղաքականությամբ ու հիմա հիստերիկ գործողություններով փորձում է դուրս գալ այդ իրավիճակից»,- ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ի պատասխան այն հարցի, թե Հայաստանը շարունակում է իր ջանքերը խաղաղ բանակցային գործընթացում, իսկ Ադրբեջանը՝ ռազմատենչ հռետորաբանությունը, արդյոք դա չէ, որ տանում է իրավիճակի սրման:
Նրա խոսքով` Բաքվի համար զինվորները դիտվում են որպես համակարգչային զինվորիկներ ու նրանք օրական հարյուրավոր երիտասարդների ուղարկում են դեպի մահ: Ավելի ու ավելի հարցեր են առաջանում և կասկածներ Ադրբեջանի ղեկավարության իրավիճակը ադեկվատ գնահատելու մասով:
Ինչ վերաբերում է հարցին, թե ԱԳՆ-ն դիմե՞լ է ՀԱՊԿ-ին, քանի որ նաև հայկական բնակավայրեր են ռմբակոծվում Ադրբեջանի կողմից, ապա արտգործնախարարը նշեց, որ տեղեկացրել են և՛ ՀԱՊԿ-ին, և՛ ՄԱԿ-ի տարբեր կառույցներին, բոլոր այլ կառույցներին ևս: Եվ միշտ, հավաստիացրեց նա, տեղեկացնում են, երբ նման իրավիճակներ են լինում:
Լրագրողի դիտարկմանը, որ Հայաստանի սահմանին է լարվածություն ու ՀԱՊԿ-ը, մասնավորապես, դրան չի արձագանքում և դրա կոնտեքստում` բավարարո՞ւմ է արդյոք ԱԳՆ-ին հայ-ռուսական հարաբերությունների նման մակարդակը, Է. Նալբանդյանն ասաց, որ մենք ունենք դաշնակցային-ռազմավարական հարաբերություններ ՌԴ-ի հետ և համատեղ գործողություններով մտադիր ենք այդ հարաբերությունները խորացնել ու ամրապնդել:
Ամփոփելով անցած տարին Է. Նալբանդյանը կարևորեց Հայաստանի` ԵԱՏՄ-ին միանալն ու Հայաստանի ակտիվ դերակատարումը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ խարգավորման գործընթացում: Թեև, նկատեց նա, Ադրբեջանի գործունեությունը թույլ չտվեց առաջընթաց արձանագրել այդ իմաստով: