26/01/2015 13:54
«Թուրքիան թանգարաններ է հիմնում, որի իմաստը չկա, իսկ հայկական կողմն արտերկրում չունի գոնե 1 թանգարան»
Մենք գիտենք հստակ, թե Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ Թուրքիայում ինչ է կատարվում, բայց չգիտենք՝ ինչ է նախատեսվում Հայաստանում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանն, ով հավելեց նաև, որ սա մի կողմից ուրախալի է, իսկ մյուս կողմից՝ ոչ:
«Պետական հանձնաժողովը դեռ չի հրապարակել նախատեսվող միջոցառումերի ցանկը, իսկ այս ընթացքում դարակազմիկ ֆիլմեր են կյանքի կոչվում»,- նկատեց թուրքագետը:
Նրա խոսքով՝ այսօր Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ Թուրքիան ինտեսնիվորեն թանգարաններ է հիմնում, որի իմաստն իրականում չկա, իսկ հայկական կողմը արտերկրում դեռևս չունի հիմնած գոնե 1 թանգարան: «Պետք է ասեմ, որ որակական առումով առայժմ ոչինչ չունենք, Անատոլիայում թուրքերի ինչ-որ ցեղասպանության թանգարան է բացվելու, մեզ մոտ «System of a down» խմբի համերգից, Ցեղասպանության թանգարանի շրջիկ ցուցահանդեսներից ու մի քանի ֆիլմերից բացի ոչ մի միջոցառում դեռևս հայտնի չէ: Չէի ցանկանա ասել, որ սա հանձնաժողովի անփութության արդյունքն է, բայց հույս ունեմ, որ մեծ միջոցառումները դեռ անակնկալ կլինեն թե՛ թուրքերի և թե՛ հայերիս համար»,-ասաց Շաքարյանը:
Ըստ նրա՝ որակական փոփոխություն կլինի միայն այն ժամանակ, երբ այս օրերին Մոսկվայում, Լոնդոնում, Փարիզում, Մադրիդում և Նյու-Յորքում Հայոց ցեղասպանության թանգարաններ բացվեին: Որակական փոփոխություն կլիներ նաև այն, որ Ռուսաստանի և այն երկրների կողմից, որտեղ ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը, նրանց դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին մեկ էջ նվիրվեր:
«Ռուսաստանը, որին ամեն կերպ ձեռք է տալիս Հայոց ցեղասպանության ճանաչումը, այդպիսի քայլ չի անում: 2 կամ ավելի հաստափոր գրքերը կամ ֆիլմերը ոչինչ չեն տալիս այս հարցին: Հսկայական գումարները, որոնք ծախսվում են մանր-մունր միջոցառումների վրա, դրանք պետք է լինեն նպատակային»,- եզրափակեց նա: