26/01/2015 14:22
«Ադրբեջանը ցանկանում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ ԼՂՀ հարցը լուծված չէ»
«Նախկինում հրադադարի խախտման չափը որոշվում էր արձակված կրակոցների չափով, իսկ այժմ լարվածությունը այնքան է մեծացել, որ զոհերի քանակով է որոշվում»,- այսօր լրագրողների հետ հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության թեմայով հանիդպմանը նման կարծիք հայտնեց տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:
Ըստ փորձագետի` ռազմական տեսանկյունից ամեն ինչ նույնն է, բայց ադրբեջնական հարձակումների աշխարհագրական ընդգրկումը մեծացել է:
Հանդիպմանը ներկա «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ կարծիք հայտնեց, որ ՀՀ ռազմական ստորաբաժանումները պատրաստ էին տարեսկզբի այս լարվածությանը հայ-ադրբեջնական սահմանին: Ըստ պատգամավորի՝ այս մասին է վկայում նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը, որ Հայաստանը երբեմն նախազգուշացնող քայլեր կարող է ձեռնարկել, հենց տեղում որոշումներ կայացնել և պատասխանել Ադրբեջանին:
Հանդիպմանը Բաքվից համացանցով միացած ադրբեջանցի լրագրող, քաղաքական վերլուծաբան Շահին Ռզաևն էլ կարծիք հայտնեց, որ զոհերի քանակը աճել է, բայց Ադրբեջանում մտածում են, թե պատերազմը չի ավարտվել և զինվորները մահանում են կռվում:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն էլ նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանի լարվածություն գալիս է Ադրբեջանի կողմից: Ըստ Գրիգորյանի՝ Ադրբեջանը ցանկանում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ ԼՂՀ հարցը լուծված չէ: