26/01/2015 15:48
Էրդողանի հրավերը մեկ նպատակ ունի` լռեցնել ապրիլի 24-ը. Թուրքագետ
Զարմանալի չէ Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակը ապրիլի 24-ին նշելու Էրդողանի որոշումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հրավերին, նման տեսկետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Նման որոշում, նրա խոսքով, Թուրքիան կայացրել էր դեռ 2013 թվականին: Նա ընդգծեց, որ Թուրքիան նպատակ ունի դրանով լռեցնել Հայոց ցեղասպանության առնչությամբ միջազգային արձագանքը:
«Էրդողանի հրավերը 102 երկրների նախագահներին, Գալիպոլիի ճակատամարտի մասին Ռասել Քրոուի խեղաթյուրված ֆիլմը ԱՄՆ-ում ապրիլի 24-ին էկրան բարձրացնելը մեկ նպատակ ունեն` լռեցնել ապրիլի 24-ը: Սակայն ես հույս ունեմ, որ Հայոց ցեղասպանության տարելիցը միայն մեկ օր չի ոգեկոչվի»,- ասաց Շաքարյանը` հավելելով, որ այս տարի ապրիլի 23-ին Էրդողանը կրկին հանդես կգա հայ ժողովրդին ուղղված իր ցավակցությամբ և կրկին մեջ կբերի ընդհանուր ցավի մասին իր թեզը: