26/01/2015 15:31
Վարդան Պետրոսյանի գործ. Իրենք հաշտեցումը նայում են, որ ես մեղավորությունը վերցնեմ, իսկ Վարդանը բաց ճակատով դուրս գա
Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ասաց, որ հետ է վերցնում նախորդ դատական նիստում կատարած իր միջնորդությունը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Ն. Բաղդասարյանը միջնորդել էր տուժողի իրավահաջորդ Արթուր Հակոբյանի նկատմամբ քրեական գործ հարուցել՝ դատավարության մասնակից անձանց վիրավորելու համար:
Փաստաբանը հիշեցրեց, որ Ա. Հակոբյանն իրեն «համբալ» էր անվանել, ինչը փաստող տեսանյութեր կան համացանցում, իսկ դատախազը այս փաստի վերաբերյալ մինչ օրս որևէ քայլ չի ձեռնարկել:
Այնուհետև ելույթ ունեցավ տուժողի իրավահաջորդ Արթուր Հակոբյանը, ով ասաց, որ ինչպես անցյալ դատական նիստում, այնպես էլ դրան նախորդ նիստերում պաշտպանական կողմի բոլոր հայտարարությունները «ծայրեծայր սուտ են» եղել:
Նրա խոսքով՝ Վարդան Պետրոսյանի կողմը իրենց փող է առաջարկել՝ մեղավորությունը իրենց վրա վերցնելու համար:
Ա. Հակոբյանը ասաց, որ Ռուբեն Բալոյանից առաջ իրենք պաշտպան են ունեցել, որին կաշառել է Վ. Պետրոսյանի կողմը, որ իրենց համար աշխատեն:
«Բաղդասարյանն է Բալոյանին առաջարկել, ասել, ինչքան պետք է՝ մենք կֆինանսավորենք, մենակ մեղավորությունը չմնա Վարդանի վրա: Մի երկու շաբաթ հետո բիզնեսմեն Հովնանյանն է գնացել եղբորս տուն, ասել՝ ինչքան պետք է փոխհատուցում կանենք, որ Վարդանը անմեղ դուրս գա ու չնստի, եղբայրս էլ տնից վռնդել է շատ կոպիտ ձևով, շպրտել: Իրենք հաշտեցումը նայում են մենակ, որ ես մեղավորությունը վերցնեմ, իսկ Վարդանը 2 երեխա սպանի, բաց ճակատով դուրս գա»,-ասաց նա:
Ա. Հակոբյանի խոսքով՝ Վ. Պետրոսյանը 2 երեխա է սպանել, «մեկին էդ վիճակում թողել, մի հատ էլ ծափահարություններով ողջունում են նրան»:
«Վարդան Պետրոսյանը շատ ճարտար լեզու ունի, դերասանական շնորհ, ուզում է ստեղ իրան լավ ցույց տա, կամերաներ կան, դրա դիմաց իրեն լավ է զգում: Մենք իրանից փո՞ղ ենք պոկում, վնասի հատուցում օրենքով չի՞ հասնում, էդ երեխեքին իրա համար էի բերել, տար սպաներ, մի հատ էլ ճակատը պաչեի: Իրան ես էնքան հարցեր ունեմ, դուրս գա, պետք է նայեմ աչքերին ու էդ հարցերը տամ, տեսնեմ, ո՞նց է դուրս գալիս դրանց տակից: Կուզենայի Վարդանը շատ շուտվանից հրաժարված լիներ իր պաշտպանից»,-ասաց նա, նշելով, որ կա ավտովթար և 100 տոկոսանոց ճշմարտություն:
Ա. Հակոբյանը ասաց, որ դատախազի պահանջած 6 տարին Վ. Պետրոսյանի համար շատ քիչ է:
Ա. Հակոբյանի ելույթին դահլիճից արձագանքեց Վ. Պետրոսյանի քույրը՝ Աշխեն Պետրոսյանը, ով ասաց, որ Ա. Հակոբյանի խոսքերը սուտ են, ինչից հետո լարված իրավիճակ ստեղվեց դատարանի դահլիճում և Ա. Պետրոսյանը հեռացավ: