27/01/2015 17:35
Ա. Զաքարյանը հույս է հայտնել, որ Բունդեսթագի ներկայացուցիչները կմասնակցեն ապրիլյան հիշատակի միջոցառումներին
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին:
ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին՝ Ա.Զաքարյանը հույս է հայտնել, որ Բունդեսթագի ղեկավարությունը և պատգամավորները ևս այդ օրերին կլինեն հայ ժողովրդի կողքին և կմասնակցեն ապրիլյան հիշատակի միջոցառումներին: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ ցեղասպանությունների դատապարտումը կարևոր քայլ է դրանց կանխարգելման, մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություններ թույլ չտալու համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ռայներ Մորելին պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-գերմանական խորհրդարանական հարաբերությունների հետագա խորացմանը:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Ա.Զաքարյանը քննադատաբար անդրադարձել է թուրքական կողմի դիտավորությամբ հարուստ, խոչընդոտման միտում ունեցող ցինիկ դրսևորումներին՝ կապված Գալիպոլիի 100-ամյակը նշելու օրվա և պաշտոնական գործողությունների հետ: Ըստ նրա՝ դրանք ժխտողականության և հակահայկական ընդգծված քարոզչության հերթական ենթատեքստեր են, որոնք աչքի են ընկնում իրենց պարզունակությամբ: ՀՀԿ-ական պատգամավորը նաև հույս է հայտնել, որ այն չի դառնա մարդկության կողմից ցեղասպանությունների դատապարտման ու կանխարգելման պայքարի ճանապարհին հյուսվող նոր սադրանք: