27/01/2015 15:24
Երկաթուղի, ՀԷԿ և Իրան-Հայաստան գազամուղ. «Ես հույս հայտնեցի, որ շուտով դրանք կյանքի կկոչվեն»
Այսօր տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարֆիի համատեղ ասուլիսը:
Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով, թե ինչ հնարավորություններ են բացվում հայ-իրանական տնտեսական համագործակցության համար՝ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո, պատասխանեց. «Մենք դեռ նոր ենք դարձել Եվրասիական միության անդամ և ուսումնասիրում ենք հնարավորությունները, որպեսզի մեր անդամակցությունը դրական ձևով անդրադառնա ոչ միայն մեր հարաբերություններին Եվրասիական միության անդամ երկրների հետ, այլև մեր հարևանների, այլ երկրների հետ, որոնց հետ մենք ավանդական տնտեսական, առևտրական զարգացած հարաբերություններ ունենք և նաև լավ հեռանկարներ ունենք՝ այդ հարաբերությունները առավել ամրապնդելու, խորացնելու և զարգացնելու: Այդպիսի օրինակներից է հենց մեր հարևան Իրանը»:
ՀՀ ԱԳ նախարարը անդրադարձավ նաև երկաթուղու, ՀԷԿ-ի և Իրան-Հայաստան գազամուղի կառուցմանն ու ասաց. «Ես իմ խոսքի մեջ նշեցի, որ ողջունում ենք այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երկու կողմերի միջև, ներառյալ՝ միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ, որի ընթացքում քննարկվել էին այդ ծրագրերը։ Ես հույս հայտնեցի, որ շուտով դրանք կյանքի կկոչվեն և իրական արդյունքներ կտեսնենք:
Տեխնիկական հարցեր միշտ էլ լինում են, բայց ես կցանկանայի նշել, որ երկու երկրների միջև խնդիրներ չկան: Ավելի շուտ տեխնիկական հարցեր են, որոնց լուծումները միշտ հնարավոր է գտնել»: