27/01/2015 14:35
Երևանն էլեկտրոնային կառավարման տեսանկյունից աշխարհի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկն է
Երևանն էլեկտրոնային կառավարման տեսանկյունից աշխարհի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկն է՝ աշխարհի հարյուր քաղաքների շարքում զբաղեցրել է հինգերորդ տեղը: Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:
Նա բացատրեց, որ Rutgers համալսարանի «Քաղաքաների էլեկտրրոնային կառավարում» 2013-2014թթ ուսումնասիրության հեղինակները հետազոտել են հարյուր խոշոր քաղաքների քաղաքապետարանների կայքերը մի շարք չափանիշներով՝ անվտանգություն, բովանդակություն, մատուցվող ծառայություններ, քաղաքացիների ներգրավվածություն և այլն և հենց այս հետազոտության կոնտեքստում է, որ Երևանը հայտնվել է այսքան պատվաբեր հորիզոնականում:
Ի դեպ, Վ. Նիկոյանը նշեց, որ 2009թ-ն Երևանը անգամ չէր ներառվել այս հետազոտության մեջ, մինչդեռ 2012թ-ին մեր մայրաքաղաքը արդեն զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը:
«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանն էլ ավելի բացեց փակագծերը.
«Ըստ էլեկտրոնային կառավարման ընդհանուր ցուցանիշի՝ աշխարհի առաջատար քաղաքը Սեուլն է, իսկ Երևանը հաջորդում է Նյու Յորքին, Հոնկոնգին և Սինգապուրին, թեև առանձին չափորոշիչների համաձայն՝ Երևանը առաջինն է, օրինակ՝ մատչելիության կամ օգտագործման հարմարավետության անվանակարգում»,- նշեց բանախոսը՝ մանրամասնելով, որ այդ իմաստով Երևանը առաջ է անցել Բրատիսլավայից, Սեուլից, Տորոնտոյից և Ցյուրիխից:
«Մենք ոչ մի ակնկալիք չենք ունեցել ընդգրկվել ինչ-որ հետազոտության մեջ, այլ պարզապես մեր գործն ենք արել: Ու պարզվեց՝ լավ ենք արել»,- հավելեց Ս. Մանուկյանը:
Մնացած անվանակարգերի առումով, որտեղ Երևանը դեռ առաջին հորիզոնականում չէ, Ս. Մանուկյանը հավաստիացրեց, որ այս իմաստով էլ ամենը կարվի առաջատար դառնալու համար:
Նշենք, որ էլեկտրոնային կառավարման հետազոտության համար ունենալով էլեկտրոնային կառավարման 104 ցուցիչներ և հինգ առանձին դասակարգման ոլորտներ և ըստ այդմ՝ Rutgers-ի կառավարման գործիքն այսօր ընդունված գործնականում ամենահամակողմանի ինքդեքսն է: