27/01/2015 13:25
Ի՞նչ կտա բուքմեյքերական գործունեությունն օրենսդրական արգելքը
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն օրերս հայտնել է իր մտադրության մասին՝ մշակել և ներկայացնել օրենքի մի նախագիծ, որով Հայաստանում կարգելվի բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը:
Նախաձեռնությունը գնահատելու համար, նախևառաջ, պետք է հասկանալ բուքմեյքերական գործունեությունն արգելելու պատճառը և նպատակը: Ներկայացված հիմնավորման մեջ այս կետերից ոչ մեկը պարզաբանված չէ, նշված է միայն՝ «ինչպես շատ երկրներում», որոնց անունները՝ համեմատության համար, նույնպես գրված չեն, սակայն դա այնքան էլ էական չէ, եթե նպատակն, իհարկե, միայն այդ երկներին այս հարցում նմանակելը չէ:
Հարստության ձգտումը կա գրեթե բոլոր մարդկանց մեջ, իսկ դրան հասնելու պատկերացումները բոլորի մոտ տարբեր են: Ոմանք հարստանում են բնատուր խելքի, տաղանդի, հանճարի, ճարպկության շնորհիվ, ոմանք ձգտում են՝ քրտնաջան աշխատանքով, ոմանք էլ, ովքեր բնության կողմից այնքան էլ օժտված չեն, իսկ աշխատանքով չեն ցանկանում կամ չեն կարողանում հարստանալ, փնտրում են ավելի հեշտ ուղիներ: Հենց այս մարդկանց էլ իրենց ծառայություններն են առաջարկում բուքմեյքերական գրասենյակները, որոնք, ի տարբերություն հեշտ գումար վաստակելու մյուս ձևերի, օրինական են:
Միամիտ կլինի կարծել, որ բուքմեյքերական գրասենյակների գործունեությունն արգելելով՝ հնարավոր է վերացնել մարդկանց՝ դրանցից օգտվելու ցանկությունը: Իսկ երբ կա պահանջարկ, միշտ էլ գտնվում են նրանք, ովքեր փորձում են այն բավարարել: Հետաևաբար, ամենայն հավանականության, կսկեն ընդհատակյա գրասենյակներ գործել, իսկ դա նշանակում է, որ կսկվի կոռպուցիոն մեծ շղթա:
Հաջորդ վտանգը հարցի սոցիալական կողմն է: Բուքմեյքերական գրասենյակներն ունեն իրենց աշխատողները: Այսինքն, զբաղվածության որոշակի հարց են լուծում: Փակելով գրասենյակները՝ դժվար թե պետությունը դրանց աշխատակիցներին անհապաղ աշխատանքի տեղավորի: Ստացվում է՝ գրասենյակների աշխատակիցները կհամալրեն գործազուրկների շարքը: Բացի այդ՝ բուքեմեյքերական գրասենյակները, ինչպես ցանկացած բիզնես, նաև հարկատու են: Այսինքն, դրանք վերացնելով՝ պետբյուջեն որոշ չափով կտուժի:
Շատերը, ովքեր դեմ են բուքմեյքերական գրասենյակների գործունեությանը, իրենց տեսակետը հիմնավորում են նրանով, թե իբր դրանցից օգտվում են դպրոցականներ, ֆինանսապես տուժում են շատ ընտանիքներ և այլն:
Նախ, անչափահասներն իրավունք չունեն խաղադրույքներ կատարել բուքմեյքերական գրասենյակներում: Դա օրենքով կարգավորված է: Խաղադրույք կատարելիս ակնհայտ անչափահաս հաճախորդից պարտավոր են անձնագիր պահանջել, այլապես խաղադրույք ընդունողին օրենքով սահմնանված կարգով պատիժ է հասնում: Այսինքն, այս խնդրից զերծ մնալու համար ուղղակի անհրաժեշտ է պահպանել օրենքը: նչ վերաբերում է չափահաս խաղամոլների դեպքին, ովքեր ծախսում են ընտանիքի գումարները, պետությունը նույնպես հոգ է տարել՝ տարիներ առաջ խաղադրույքի առավելագույն շեմ սահմանելով: Եթե սա էլ չի օգնում, մնում է ասել, որ ամեն մեկն իր խելքից է տուժում:
Չբացառելով, որ բուքմեյքերական գրասենյակների վերացումը բարի մտադրություն է, ամեն դեպքում, անհրաժեշտ է նշել, որ դժվար թե խաղամոլին օրենսդրորեն հնարավոր լինի արգելել խաղալ: Օրինակ՝ փողով նաև, ասենք, թղթախաղ են խաղում, որը, ի տարբերություն ուղղակի խաղադրույքներ կատարելուն, հաճախ նաև վիճաբանություններով է ավարտվում և որը դժվար թե հնարավոր լինի որևէ օրենքով արգելել:
Եթե հետևենք նույն տրամաբանությանը, անհրաժեշտ է նաև արգելել խաղատների գործունեությունը, վերացնել լոտոները: Նշվածների մեջ ամենքիչ ռիսկը պարունակում են հենց բուքմեյքերական գրասենյակները: Եթե բուքմեյքերական գրասենյակներում հաղթելու հնարավորությունն առավելապես կախված է սեփական իտնուիցիայից, խաղատներում և լոտոներում կազմակերպիչների կողմից խաբեության հավանականությունն ավելի մեծ է:
Մեկ խոսքով՝ բուքմեյքերական գրասենյակների գործունեությունն օրենսդրորեն արգելելը, որքան էլ, որ բարի նպատակ է, դժվար թե որևէ դրական ազդեցություն ունենա:
Ի վերջո, ժամանակակից թվային աշխարհում անհնար է մեկ առանձին երկրի տարածքում արգելել գործունեության այդ տեսակը: Այսօր առկա են բազմաթիվ էլեկտրոնային բուքմեյքերական գրասենյակներ ու էլեկտրոնային վճարման համակարգեր, որոնց գործունեությունը Հայաստանի օրենսդրական դաշտը ոչ մի կերպ չի կանոնակարգում, բայց դրանք հասանելի են հայ սպառողներին: