27/01/2015 11:38
Մամուլի խոսնակ. Ինչի՞ համար պետք է սրվեն Գ. Ծառուկյանի ու Ա. Աղաբաբյանի հարաբերությունները
«Հարաբերությունները փչացնել կամ սրելու ոչ մի խնդիր չկա: Ինչպե՞ս կարող են հարաբերությունները սրվել»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հրազդան» մարզադաշտի մամուլի պատասխանատու Տ. Սարգսյանը` անդրադառնալով այն լուրերին, թե Գագիկ Ծառուկյանին դիմած «Հրազդան» տոնավաճառի առևտրականների խնդրանքը բավարարելու պատճառով Գագաիկ Ծառուկյանի ու ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանի հարաբերությունները սրվել են:
Տ. Սարգսյանն ասաց, որ ոչ թե գների բարձրացում է տեղի ունեցել, ինչից բողոքում են առևտրականները, այլ համահարթեցում` կապված դոլարի գնի բարձրացման հետ:
««Հրազդանից» դուրս գալ և որևէ այլ տեղ աշխատելը դա այդ մարդկանց սեփական որոշումն ու ընտրությունն է: Թե դրանից հետո ով նրանց տեղ կառաջարկի և թե նրանք ուր կգնան, դա պարոն Աղաբաբյանի խնդիրը չի: Սա բիզնես է»,- նշեց մեր զրուցակիցն ու ավելացրեց, որ եթե մարդիկ իրենց անհամաձայնությունն են հայտնել նոր պայմանների հետ կապված, իսկ Գ. Ծառուկյանն էլ պայմաններ է առաջարկել, այն էլ անվճար, ապա ի՞նչ հարաբերությունների սրման մասին կարող է խոսք լինել:
«Ինչի՞ համար պետք է հարաբերությունները սրվեն»,- ևս մեկ անգամ կրկնեց Տ. Սարգսյանը:
Ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ևս նշել էր, որ հարաբերությունների սրման խնդիր չկա: