27/01/2015 10:20
Հ. Նաղդալյան. Ադրբեջանը դարձել է լուրջ սպառնալիք տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար
Նախօրեին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հայաստանին առնչվող հարցեր չեն, սակայն հայկական պատվիրակությունը, օգտվելով իրեն ընձեռված ելույթների հնարավորությունից, ևս մեկ անգամ փորձել է Եվրոպայի ուշադրությունը հրավիրել և հնչեցնել Ադրբեջանի կողմից վարվող հակահայկական քաղաքականությանն ու վերջինիս կողից սահմանին ագրեսիա հրահրելու փորձերին:
Մասնավորապես, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, օգտվելով ընթացիկ զեկույցով հանդես գալու իր իրավունքից վեհաժողովի ուշադրությունն է հրավիրել այն խնդրին, որ սահմանում տեղի ունեցող դեպքերի ողջ պատասխանատվությունն այսօր կրում են ադրբեջանական իշխանությունները: Զեկույցում մասնավորապես նշվում է.
«2014 թ-ի նոյեմբերին, ԵԽԽՎ Մշտական Կոմիտեն ընդունեց «Դատապարտված անձանց փոխանցման մասին» կոնվենցիայի չարաշահումը կանխարգելելու միջոցառումների մասին» բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի` բանտարկյալների հանձման մասին պայմանագրի չարաշահումը` արդարացնելու համար Սաֆարովի անհապաղ ազատ արձակումը: Վեհաժողովը հիշեցրեց, որ միջազգային հարաբերություններում և օրենքի գերակայությամբ բարի կամքի սկզբունքը պահանջում է պայմանագրերի մեկնաբանում `իրենց առարկաների և նպատակների համապատասխան:
Մենք ողջունում ենք Վեհաժողովի սկզբունքային դիրքորոշումը այս խնդրի շուրջ և անդամների միասնությունը իրենց դիրքորոշման մեջ` կանխելու Կոնվենցիայի աղաղակող չարաշահումը հետագա այլ դեպքերում, ինչպես որ արվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ 2012-ին Սաֆարովի գործի առնչությամբ:
Ադրբեջանական պատվիրակության բոլոր փորձերը` արդարացնելու բարբարոսական հանցագործությունը , տապալվեցին, Ադրբեջանը փորձեց հրահրել հակահայկական ատելություն: Սա շատ վտանգավոր քաղաքականություն է, որը սպառնում է ոչ միայն Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանին` գլոբալ առումով` վաղը յուրաքանչյուրը կարող է դառնալ Ադրբեջանի թիրախը :
Այդ պատճառով մենք բանեցնում ենք մաքսիմալ զգուշավորություն ` գործընկերների նախաձեռնություններին առնչվելիս, որոնք ուղղված են ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի փխրուն խնդիրը: Բոլոր պրովոկացիոն քննարկումներն այս զգայուն թեմայի շուրջ, ինչպես նաև, միջազգային կազմակերպության կողմից ներկայացված ցանկացած անհավասարակշիռ փաստաթուղթ պարարտ հող է դառնում սահմանի անկայունության համար: Ադրբեջանն անում է առավելագույնը` սրելու իրավիճակը կոնֆլիկտի գոտում:
Ադրբեջանական սադրանքները սահմանի վրա հանգեցնում են բազմաթիվ մահերի` երկու կողմից էլ, որոնց պատասխանատվությունը ընկնում է բացառապես Ադրբեջանի ղեկավարության վրա:
Վերջերս ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ուղղաթիռի խոցումը վարժական թռիչքի ընթացքում , որը խլեց երեք երիտասարդ զինծառայողի կյանք, Բաքվի հանցագործ սադրանքի ևս մեկ ապացույցն է: Ավելին` Ադրբեջանը կոպտորեն խախտեց միջազգային մարդասիրական իրավունքի նորմը` ուղղաթիռի խոցման տարածքը շարունակաբար պահելով ինտենսիվ կրակահերթի տակ` համարյա տասը օր անհնարին դարձնելով սպանված անձնակազմի մարմինների էվակուացումը:
Արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային հանրության կոչերը` ուժի չկիրառման, վստահության հաստատման միջոցառումների շուրջ, Բաքուն օր օրի խորացնում է ճեղքը իր և քաղաքակիրթ աշխարհի միջև:
Այս բոլոր փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը դարձել է լուրջ սպառնալիք տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը: Ես կցանկանայի կրկնել, որ մենք լիովին համաձայն ենք Մինսկի խմբի համանախագահների հետ, որ կոնֆլիկտը այլ կերպ, քան խաղաղ ճանապարհով, լուծվել չի կարող: Որքան արագ Ադրբեջանի ղեկավարությունը սա գիտակցի, այնքան ավելի բանակցային գործընթացը արդյունավետ կլինի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման ուղղությամբ»,- ասել է Հ.Նաղդալյանը: