27/01/2015 15:52
Սեյրան Օհանյան՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին. Մեր առջև դրված խնդիրները լիարժեք իրականացնում ենք
Լարվածության փոքր ձևերը չեն կարող մեզ ստիպել, որ մենք դիմենք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությանը ՀԱՊԿ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք վերջին շրջանում ստեղծված իրավիճակում կարիք չկա՞ դիմելու ՀԱՊԿ-ին:
«ՀԱՊԿ-ին դիմելու գործընթացով այդ բոլոր խնդիրները պետք է քննարկվեն և′ Կառավարությունում, և′ Անվտանգության խորհրդում: Հստակ գնահատման արդյունքում ԱԽ-ն պետք է խորհուրդ տա ՀՀ-ին դիմե՞լ, թե՞ չդիմել ՀԱՊԿ ղեկավարությանը»,- բացատրեց պաշտպանության նախարարը:
«Հատկապես այս վերջին տարիներին հայկական զինուժի ընդհանուր ստեղծման և կայացման ողջ գործընթացը բերել է մի այնպիսի իրավիճակի, որ ապացուցվել է՝ այն անընդհատ կատարելագործվող է ու զարգացող»,- ասաց Սեյրան Օհանյանն՝ ընդգծելով, եթե դիմենք ՀԱՊԿ-ին՝ ինչու՞ է այդ դեպքում պետք հայկական բանակը:
«Նույնիսկ քանակական առավելությունները հակառակորդի կողմից մեզ վրա չեն ազդում, որովհետև որակական առումով և մարտական առումով մենք ավելի բարձր դիրքերի վրա ենք ու մեր առջև դրված խնդիրները լիարժեք կարողանում ենք իրականացնել»,- ասաց Պաշտպանության նախարարը: