27/01/2015 13:00
Գորիսի նախկին քաղաքապետի նկատմամբ համաներում է կիրառվել
Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի գործով դատավճիռ է կայացվել: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Ն. ոսկանյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ՝Գորիսի քաղաքապետ, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը և անհատույց հողատարածք ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով ՝իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ.ինքն իրեն նվիրատվության պայմանագրով անհատույց օտարել է 900 քմ հողամասը՝համայնքի օրինական շահերին պատճառելով էական ՝729.000 ՀՀ դրամ վնաս :
Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Նելսոն Ոսկանյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքներն, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում լիովին:
Դատարանը նրա նկատմամբ կիրառելով համաներում և ազատելով պատիժը կրելուց, Ն. Ոսկանյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և նշանակել պատիժ 300 հազար դրամի չափով տուգանք, ինչպես նաև մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 310 հոդվածով՝ նշանակելով պատիժ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 4 տարի ժամկետով զրկելը: