27/01/2015 14:00
Շրջանառության հարկից բողոքող առևտրականները սպառնում են հարկ չվճարել
Այսօր հարյուրավոր առևտրականներ Կառավարության շենքի առաջ պահանջում են հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Նրանք պահանջում են այնպիսի պայմաններ ստեղծել, որ կարողանան աշխատել, այլ ոչ թե իրենց քրտինքով աշխատած գումարները տան հարկայինին:
Կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը նրանց նորից առաջարկեց 10 հոգանոց խմբով բարձրանալ վարչապետի մոտ, սակայն ակցիայի մասնակիցները հրաժարվեցին:
Առևտրականների խոսքով՝ «կառավարության կայացրած որևէ որոշում չի եղել առևտրականների օգտին, որևէ մեկի հետ չեն հանդիպել կամ քննարկել, միայն սուտ խոստումներ են տվել»:
Ակցիայի մասնակիցներն առաջարկում են գործածել շրջանառության 1 տոկոսի և 3 տոկոսի հարկման մեխանիզմը, իսկ գործարարը թող որոշի՝ ինչպես է ուզում աշխատել:
Եթե կորոշի 1%-ով հարկվել, ինչպես նախատեսում է բարեփոխված օրենքը, ապա թող ցույց տա ամբողջ փաստաթղթաշրջանառությունը, բայց բազմաթիվ առևտրականներ այսօր չեն կարող ցույց տալ փաստաթղթերը, թե ումից են իրենք վերցնում ապրանքը, քանի որ փաստաթուղթ չեն տրամադրում:
Նշենք, որ բողոքի ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ, որոնք պատ են կազմել Կառավարության շենքի մոտ: Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են «կա-սե-ցում», հակառակ դեպքում սպառնալով չվճարել հարկերը: