27/01/2015 13:46
Հայկական բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է. Վահան Շիրխանյան
«Ես միշտ հպարտորեն եմ ասում, որ անկախացած Հայաստանում ամենակայացած համակարգը դա բանակն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման համոզմունք հայտնեց ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
Բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ Շիրխանյանը նախ շնորհավորեց ազատամարտիկներին ու զինծառայողներին, ապա հայ ժողովրդին:
«Հայկական բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է, որը կատարում է իր առջև դրված խնդիրը: Մեր բանակը կազմակվորվել է ավելի վաղ, քան 1992 թվականը: Դեռ 1992 թվականից առաջ Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումները մշտական բնույթ էին կրում: Մենք ստեղծում էինք կամավորական ջոկատներ, որոնք հետագայում միավորվեցին հատուկ գնդում և կազմակերպեցին «Կոլցո» օպերացիան, որից հետո 1991 թվականին ստեղծվեց պաշտպանական կոմիտեն»,- շարունակեց իր խոսքը նա՝ հավելելով, որ այսօր բանակի կայացման համար հայ ժողովրդը պարտական է լուսահոգի սպարապետ Վազգեն Սարգսյանին:
«Մեր խնդիրն էր պաշտպանել Հայաստանի սահմանները արտաքին ու ներքին խնդիրներից: Այդ օրերին շատ ուժեր փորձում էին զինաթափել այդ օպերացիան՝ արատավորելով մեզ և մեր անունը, և մենք ստիպված եղանք աշխատել երկու ճակատով»,- հավելեց Շիրխանյանը՝ մանրամասնելով նաև, որ հենց այդ ժամանակ էր, որ ձևավորվեց ու ստեղծվեց պաշտպանության նախարարությունը:
«1992 թվականի հունվար-փետրվար ամիսներին ձևավորվեց պաշտպանության նախարարությունը: Եվ ես այսօր էլ հանգիստ եմ, քանի որ մեր բանակը կարողանում և կատարում է իր առջև դրված պարտականությունները. ապահովում է մեր երկրի ռազմական անվտանգությունը: Մենք կարող ենք ասել, որ մեր բանակը կայացած է»,- ասաց նա: