27/01/2015 14:51
Հայաստանը զիջելու տեղ չունի, ինչ ունենք, պետք է պահպանենք. Շիրխանյան
Կա մի պարզ կանոն. պատմությունը կրկնվում է, և մենք պետք է այնպես անենք, որպեսզի պատմությունն այս անգամ չկրկնվի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով հակառակորդի կողմից արձակվող ինտենսիվ կրակոցներին, նման տեսակետ հայտնեց ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
Նրա խոսքով՝ այսօր էլ պատերազմը ավարտված չէ և կարող է ցանկացած պահի բռնկվել: Ըստ նրա՝ սահմանի լարվածությունը պայմանավորված է մի քանի պատճառներով. Առաջինը՝ Ադրբեջանին հրահրում է Թուրքիան. «Եթե աշխարհը ընդունի ու ճանաչի Հայոց ցեղապսնությունը, Թուրքիան կորցնելու շատ բան ունի: Նա շատ ծանր խնդիրներ կունենա: Այդ երկիրը գիտի, որ հայերից գողացել է հող ու հայրենիք և այդ հողի վրա պետություն կառուցել, իսկ եթե ամբողջ աշխարհը կամ աշխարհի ուժեղները ճանաչեն այն, ապա Թուրքիայի համար դա մեծ սպառնալիք կլինի: Ուստի նա ամեն կերպ ջանում է միջազգային հանրությանը շեղել Հայոց ցեղասպանության խնդրից, իսկ նրա միակ օգնականն այդ հարցում Ադրբեջանն է, որն այսօր չի կարող չանել այն, ինչ անում է: Դա ոչ միայն քաղաքական պատվեր է, այլ որովհետև նա ինքն է ուզում: Նա իր առջև խնդիր է դրել Ղարաբաղը հետ վերցնել»,-ասաց Վ. Շիրխանյանը:
Սահմանային լարվածությունը նա նաև պայմանավորում է Հայաստանի ԵՏՄ անդամակցությամբ, որը ևս ձեռնտու չէ ո՛չ Ադրբեջանին, ո՛չ էլ Թուրքիային: «Այսօր աշխարհում անհնարին է միայնակ պայքարել և ռազմավարական դաշնակից պետք է ունենա ցանկացած պետություն, այդ թէվում և աշխարհի հզորները: Հայաստանի ռազմավարական միակ դաշնակիցն այս պահին Ռուսաստանն է: Իսկ Ադրբեջանն ուզում է օգնություն խնդրել Գերմանիայից, որին խնդրում է դառնալ համանախագահող երկիր: Լավ կլինի, որ թարմացնենք մեր հիշողությունը և հիշենք, թե ով էր 1915 թվականին Թուրքիայի դաշնակիցը: Հենց այս նպատակով էր, որ Ալիևը այս օրերին մեկնեց Գերմանիա և հանդիպեց կանցլեր Մերկելի հետ»,- նկատեց նա՝ հավելելով. «Հայաստանը չպետք է պատմության կրկնությունը թույլ տա»:
Նախկին փոխնախարարի խոսքով՝ արցախյան ազատամարտի ժամանակ էլ հայը պատերազմում էր իր հողի համար, իսկ Ադրբեջանը՝ ուրիշի հողեր զավթելու, սակայն այդ ժամանակ հաղթեց հայի ոգին՝ հայրենասիրությունը և այսօր էլ հայի դեմ կարող է դուրս գալ թե թուրքը, թե ադրբեջանցին:
«Մեր միասնականությունը թուրքի դեմ միակ զենքն է, որը նա փորձում է պառակտել: Մենք պետք հասկանանք, որ այսօր էլ պատերազմն ավարտված չէ և կարող է ամեն վայրկյան վերսկսել: Պատերազմը մարդկային էության և պետության կայացման միակ միջոցն է, որը կարելի է կանխել: Հայաստանը զիջելու տեղ չունի: Այն, ինչ ունենք, պետք է պահպանենք»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Հայկական բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է. Վահան Շիրխանյան