27/01/2015 20:25
Վերնիսաժի գործ. Անվտանգության աշխատակցի ցուցմունքը զարմացրեց դատավորին
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Վերնիսաժի գործով վկաների հարցաքննությունը:
Վերնիսաժի շուկայում գործիքներ վաճառող Սեդրակ Գյուլումյանը դատարանին հայտնեց, որ զարմանում է՝ ինչու են իրեն վկա կանչել, դեպքի օրը շուրջ 40 մետր հեռավորության վրա է գտնվել դեպքի վայրից, լսել է 4-6 կրակոց, տեսել է վիրավորներ աստիճանների վրա:
Վկա Վարդան Զոհրաբյանը ասաց, որ Վերնիսաժի հարևանությամբ կառուցված էլիտար շենքի ավտանգության աշխատակիցն է, պատմեց, որ մայիսի 17-ին՝ 13:00-ի սահմաններում, տեսել է սպիտակ «BMW X6» ավտոմեքենա, որը կանգնել է ստորգետնյա ավտոկայանատեղիի դիմաց և փակել մուտքը, ինքը իր գործընկերոջ հետ խնդրել է չփակել մուտքը, բայց ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը ասել են, որ մի րոպեով են մտնում շենք:
Նրա խոսքով, սակայն, մինչ նրանք դուրս կգային, ավտոկայանատեղիից փորձել է իր մեքենայով դուրս գալ շենքի բնակիչներից Գոռ Առաքելյանը, և իրենք սկսել են փնտրել «BMW X6»-ի տիրոջը, ում գտել են կես ժամ անց և վիճաբանություն է սկսվել:
Վ. Զոհրաբյանը ասաց, որ իրենք փորձել են բաժանել նրանց, սակայն կրակոցներ են հնչել ու իրենք փախել են, ինչը զարմացրեց դատավորին:
Վկան պատմեց նաև, որ Գոռը կրակոցներից հետո շենք է մտել, նրա հետ վիճողներից մեկը հետապնդել է նրան, մյուսն էլ՝ փախել է դեպի Վերնիսաժ: