27/01/2015 15:43
Ազատամարտիկ. Ադրբեջանն այն ազգն է, որին փոքրաթիվ խմբերով անգամ կարողանում էինք ծնկի իջեցնել
Այն տղաները, որոնք 90-ականներին զենք վերցրին ձեռքները, դեռ այն ժամանակ գիտակցում էին, որ միայն զենքով կա հայի փրկություն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը:
Ազատամարտիկն ընդգծեց, որ արցախյան պատերազմում հաղթանակեց հայի ոգին ու միասնականությունը. «Մենք համախմբվեցինք և այդ հաղթանակը տարանք ազգովի»:
Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Մկրտիչ Մկրտչյանն էլ (Մարշալ) իր խոսքում նշեց, որ հայերը թեև քանակով քիչ են, բայց այսօր էլ կարողանում են հաղթել հզոր թշնամուն:
«Բնության մեջ հաճախ ենք հանդիպում, որ փոքր թռչնակը հզոր գիշատչին կարող է հեռու պահել իր տնից: Մենք կարողացանք հաղթել, որովհետև մեր նպատակը մեկն էր՝ պահել մեր տունը»,- ասաց նա:
Ազատամարտիկի խոսքով՝ ձևավորված ջոկատների ջանքերով է, որ այսօր Հայաստանն ունի ամուր և ուժեղ բանակ. «Ադրբեջանն այն ազգն է, որին փոքրաթիվ խմբերով անգամ կարողանում էինք ծնկի իջեցնել, սակայն ռազմական գործողություններն այդ օրերին այլ փուլ էին տեղափոխվել և անհրաժեշտ էր բոլոր մարտական ջոկատները կոորդինացնել»,- մանրամասնեց նա՝ համախմբման կոչով դիմելով նաև հայրենակիցներին. «Եթե ազգովի ուժեղ լինենք, ազերին ո՞վ է, որ չհաղթենք: Միշտ էլ հաշվի են նստում ուժեղի հետ»,-հավելեց նա:
Անդրադառնալով սահմանում առկա լարվածությանը՝ ազատամարտիկը նկատեց, որ թեև այսօր Ադրբեջանի կողմից իրականացրած ոտնձգության հետևանքով տղաներ են զոհվում, բայց մեր բանակը այսօր էլ կարողանում է թշնամուն հետ շպրտել. «Ցավում եմ միայն մեր ընկած տղաների համար»: